Ադրբեջանն ընդհուպ մինչև պատրաստ է ռազմական հարձակման՝ ցանկալի թեկնածուին իշխանության պահելու համար
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
«Մոտավորապես մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ՊՆ-ի հետ առնչվող քարոզչական «Caliber.az» կայքը մի հոդված էր հրապարակել, որտեղ, Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ անդրադարձում նշված է․ «Բայց եթե ինչ-որ մեկին թվում է, թե Ադրբեջանը պասիվ դիտորդ կմնա այն բանի նկատմամբ, թե ինչպես են իր կողքին աճեցնում նոր-հին սադրիչ ուժ, ապա դա խորապես սխալ պատկերացում է։
Ադրբեջանը թույլ չի տա նորից բացել դռները նրանց առաջ, ովքեր արդեն մեկ անգամ ապացուցել են իրենց թունավոր լինելը։ Եթե ինչ-որ մեկը որոշել է վերականգնել հայկական ռևանշիստներին իշխանության՝ թող հիշի՝ Ադրբեջանը լռել չի պատրաստվում։ Պատասխանը կլինի կոշտ և ճշգրիտ։ Խոսքը մետաֆորաների մասին չէ, այլ իրականության, որը պետք է ընդունել բառացիորեն։ Եթե Ադրբեջանի անվտանգությունը ռիսկի տակ լինի, արձագանքը կլինի այնպիսին, ինչպիսին Իսրայելը վերջերս ցուցադրեց Իրանի նկատմամբ։ Իսկ Հայաստանի դեպքում չի լինի ոչ մի աշխարհաքաղաքական դժվարություն, ոչ էլ տարածքային վախեր․ երկիրը շատ ավելի խոցելի է, իսկ պատասխան գործողությունների սցենարները վաղուց արդեն սեղանին են․․․»։
Կարճ ասած հոդվածում ասվում էր, որ եթե իրենց համար ցանկալի մեկը՝ տվյալ դեպքում Փաշինյանը չմնա իշխանության, այլ հայտնվեն դեմքեր, որոնք ցանկություն կունենան հակադրվելու Ադրբեջանի զավթողական ծրագրերին, ում Բաքուն կկոչի «ռևանշիստներ», ապա Ադրբեջանն ընդհուպ մինչև պատրաստ է ռազմական հարձակման՝ իր համար ցանկալի թեկնածուին իշխանության պահելու համար։ Այս հոդվածից հետո նման միտք հայտնվեց նաև ադրբեջանցի որոշ փորձագետների մոտ։
Ինչու՞ եմ կարևոր համարում անդրադառնալ այս հարցին։ Ես իմ հարցազրույցներից մեկում դեռ երկու ամիս առաջ նշել էի, որ Բաքվի կողմից Փաշինյանին աջակցություն լինելու է, բայց ոչ որևէ թղթի ստորագրման տեսքով, այլ ուժի ու ուժի սպառնալիքի քաղաքականությամբ։ Ադրբեջանի ողջ քարոզչամեքենան գնալով ավելի ակնհայտ կերպով սկսելու է հոգեբանական պատերազմ մղել հայ հանրության դեմ՝ սպառնալով, որ եթե հեռացնենք Փաշինյանին, ինչը նաև կարող է բհանգեցնել Բաքվի զավթողական երազանքների իրականացման քաղաքականության փլուզմանը, դա բերելու է պատերազմի։ Կտեսնեք, որ ՔՊ-ական պրոպագանդան ևս լինելու է այդ գծի մեջ։ Նրանք ուղիղ տեքստով կարող են հայտարարել, որ եթե մեզ չընտրեք, պատերազմ է լինելու։
Սա պետք է հաշվի առնեն այն մարդիկ, որոնք պատրաստվում են հանդես գալ Փաշինյանի քաղաքականության դեմ։ Փաստացի ներկայումս տարվող քաղաքականությունը մեզ զրկում է իրավացի, արդար խաղաղություն կառուցելու տեսլականից։ Մենք շարունակ պետք է զիջենք մեր իրավունքները, իսկ դիմացը ստանանք Բաքվի նոր պահանջները, որոնք անսպառ են ու ուղղված Հայաստանի ոչնչացմանը։ Տարվող քաղաքականության նպատակն է՝ հայ հանրությանը համոզել, որ չկա լուծում կամ ելք, մենք թույլ ենք, անկարող, ուստի պետք է հանձնվել հարևան բռնապետական վարչակարգի կամքին և ողորմածությանը։
Վստահեցնում եմ՝ կա լուծում, կան ուղիներ, կան նաև հնարավոր գործընկերներ՝ Բաքվից եկող սպառնալիքները չեզոքացնելու համար։ Իսկ ընտրություններին նախորդող շրջանում կանխատեսելի հիբրիդային պատերազմը ու հոգեբանական գրոհը հայ հանրության դեմ պետք է լռեցնել խելացի, կազմակերպված ու հստակ տեղեկատվական քաղաքականությամբ։ Ավելին, միջազգային գործընկերների հետ նախապես տարված ճիշտ աշխատանքը կօգնի զսպել ադրբեջանական ագրեսիվ ծրագրերը ու թույլ չտալ միջամտել ՀՀ ներքին գործերին։ Այն, որ Ադրբեջանը հանդգնում է դա անել բացառապես Փաշինյանի «ինքնիշխան քաղաքականության ուղիղ հետևանք է․․․»։
—00—ՄԱ