Իշխող խմբակը կազմակերպել է այս շոուն, որպեսզի շեղի ուշադրությունը մեր պետության դեմ սպառնալիքներից

04/07/2025 11:08 Քաղաքական

ՀՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը գրում է․ «Խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի Հոդված 108-ի՝ «Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը», 3-րդ կետի պահանջները, այն է՝  «Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից ԱՆՀԱՐԳԵԼԻ պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության», քպ նախաձեռնությամբ` այսօր Նիկոլ Փաշինյանի դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով՝ իմ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին՝ առողջական խնդրի պատճառով իմ հարգելի բացակայության պայմաններում։

Հուլիսի 1-ին  ԱԺ նախագահին իմ կողմից ուղարկվել է գրություն՝ առ այն, որ չեմ կարող ներկա լինել ԱԺ արտահերթ նիստին, քանի որ հունիսի 27-ից վերականգնողական կենտրոնում ստանում եմ վերականգնողական բուժում, և այն դեռ ընթացքի մեջ է․ գրությանը կցվել է բուժհաստատության տեղեկանքը։

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության իշխող խմբակը, լինելով տեղեկացված իմ ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ, կազմակերպել է այս շոուն իմ և իմ գործընկերների դեմ՝ հետապնդելով երկու հիմնական նպատակ՝ շեղել հանրության ուշադրությունը իրենց իսկ ձեռամբ ստեղծված, մեր պետության դեմ ուղղված ծանրագույն սպառնալիքներից և ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցված՝  շարունակել հետևողականորեն չեզոքացնել բոլոր այն քաղաքական, հասարակական, զինվորական գործիչներին, բարերարներին, հոգևորականներին, ովքեր  պայքարում են հանուն Արցախի, Հայաստանի, հանուն հայ ժողովրդի և նրա հոգևոր արժեքների լինելիության»։

–00—ՅՄ