Սահմանադրության փոփոխություն. «մեր ձևո՞վ», թե՞ օտարի թելադրանքով
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

Սահմանադրության փոփոխություն. «մեր ձևո՞վ», թե՞ օտարի թելադրանքով
Սահմանադրության 30 ամյակը այս տարի դիմավորելու ենք «ինքնիշխանության գագաթնակետին».
- Հայկական զինուժը Մայր Աթոռում է
- Էրդողանը՝ Ստեփանակերտում
- Երկու ազդեցիկ հայ միլիարդատերեր՝ Երևանի և Բաքվի բանտերում
- Երկու արքեպիսկոպոս՝ ԱԱԾ մեկուսարանում
- Արցախը՝ հայաթափ
- «Պատի նկարի» հրահանգները կատարողները՝ անմռունչ
- Նույն նկարի դեմ պայքարողները՝ անծրագիր
- Նախագահը՝ անձայն
- Ժողովուրդը՝ մոլորված
- Ամարասն ու Գանձասարը՝ չուլանի վերածվող
- Թշնամին՝ մեծ ախորժակով
- Երկիրը՝ անդաշնակից
Կա՞ր տարբերակ՝ այնպես զարգանալու, որ 30 տարի անց չլիներ այս ողբերգական վիճակը։ Իհարկե կար։ Չարեցինք։ Կա՞ տարբերակ՝ կասեցնելու այն սցենարը, որով գնում ենք։ Դեռ կա, բայց դրա համար պետք է ներհանրային երկխոսություն և ծրագրային մտածողություն։ Վաղուց պետք է հասկացած լինեինք, որ ընդամենը մեկ ամսվա «ստրատեգիական մտածողության» հորիզոնով և իմպուլսիվ պատկերացումներով ոչ մի բան հնարավոր չէ անել։
Կարելի՞ է Սահմանադրությունը փոխել. ոչ միայն կարելի է, այլև գուցե պետք է։ Բայց դրանից առաջ պետք է փոխենք իրավիճակը, որում հայտնվել ենք, և տանք դրա գնահատականը։ Այդ փոփոխությունից հետո միայն կարելի է փոխել Սահմանադրությունը՝ հաշվի առնելով յոթնամյա ողբերգության և ավելի երկար փուլի կոպիտ սխալները։ Ներքին թշնամանքի, ներքին բզկտվածության պայմաններում, օտարի պահանջով Սահմանադրություն փոխել չի կարելի։ Դա կբերի նոր, ավելի այլանդակ իրականության։
Մի պահի, իհարկե, գալու է անհրաժեշտություն նոր Սահմանադրության, որը կստեղծի մեխանիզմներ՝ պետական ինստիտուտների դիմադրողականությունը բարձրացնելու, այլևս երբեք մեկ հոգու ձեռքում ողջ իշխանությունը չկենտրոնացնելու, ճակատագրական սխալներ թույլ չտալու համար։ Նոր Սահմանադրությունը պետք է ստեղծի նաև համակեցության նոր կանոններ, բազմակարծության և դրա իրացման հնարավորություններ՝ նոր հասարակության ձևավորման համար։ Բայց դրանից առաջ պետք է փոխվենք մենք։ Չփոխված իրականության, չփոխված ներքին մթնոլորտի պայմաններում ոչ մի լավ բան չի կարող ծնվել։
Վահե Հովհաննիսյան
Այլըտրանքային նախագծեր խումբ
–00—ՅՄ