Բաքու-Մոսկվա առճակատու՞մ․ ռուսաֆոբիան Ադրբեջանում նոր թափ է հավաքում

30/06/2025 19:50 Քաղաքական

«Գեղարդ» վերլուծական․

Ադրբեջանը չեղարկել է իր երկրի տարածքում ռուսական մշակութային բոլոր միջոցառումները։ Այս մասին հունիսի 29-ին հայտնել է Ադրբեջանի Մշակույթի նախարարությունը։ Տարածված հաղորդագրության մեջ ասվում է․ «Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում ռուս իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների նկատմամբ նրանց էթնիկ պատկանելության պատճառով կատարված դիտավորյալ և անօրինական սպանություններն ու բռնության ակտերը, և այն փաստը, որ նման դեպքերը վերջին ժամանակներում ստացել են համակարգային բնույթ, չեղարկվում են Ռուսաստանի պետական և մասնավոր ձեռնարկությունների կողմից Ադրբեջանում անցկացվելիք մշակութային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները և այլն»։

Այս հայտարարությանը նախորդել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը․«Մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնում մեր հայրենակիցների մահվան, նրանցից մի քանիսի ծանր վնասվածքների և 9 մարդու ձերբակալման կապակցությամբ, որոնք հունիսի 27-ի առավոտյան Եկատերինբուրգում ադրբեջանցիների տների վրա Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության կողմից իրականացված խուզարկության արդյունքում ձերբակալվել են»։ Ակնկալելով, որ Ռուսաստանը անհապաղ հետաքննություն կանցկացնի այս հարցի վերաբերյալ և հնարավորինս կարճ ժամանակում պատասխանատվության կենթարկի «այս անընդունելի բռնության ակտի» մեղավորներին։ Ավելի ուշ Ադրբեջանի Հանրապետությունում ՌԴ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիչը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն:

Հունիսի 27-ին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններ են տեղի են ունեցել: Ոստիկանական բաժանմունք է տեղափոխվել ավելի քան 50 մարդ։ Ձերբակալությունները կապված են հանցագործ խմբավորման կողմից 2001 թվականի մայիսին ազգությամբ ադրբեջանցի գործարար Յունիս Փաշաևի սպանության հետ։ Գլխավոր կասկածյալները Եկատերինբուրգում հայտնի «Կասպիյ» սրճարանի սեփականատերեր Սաֆարով եղբայրներն են։ Խուզարկությունների ընթացքում եղբայրներից երկուսը մահացել են։

Եկատերինբուրգում ձերբակալված ադրբեջանցիներին սպառնում է ցմահ ազատազրկում։ Նրանք կասկածվում են սպանության և սպանության փորձի մի քանի դրվագներում։ «Քրեական գործը քննվում է մի քանի հանցագործությունների հիման վրա՝ սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, սպանություն վարձի դիմաց, սպանության փորձ վարձի դիմաց։ Կասկածյալները նույն էթնիկ խմբի հանցավոր անդամներ են»,-հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեն։ Հետաքննության տվյալներով՝ այս մեղադրանքներն առաջադրվել են Եկատերինբուրգում 2001, 2010 և 2011 թվականներին տեղի ունեցած սպանության դեպքերի կապակցությամբ։ 2010 թվականին Յունիս Փաշաևի ընկերների՝ Ֆեհրուզ Շ-ի մահափորձը և 2011 թվականին Իքրամ Գաջիևի սպանությունը նույնպես կազմակերպված են եղել Սաֆարովների կողմից ղեկավարվող էթնիկ խմբավորման կողմից։ Ըստ որոշ վերլուծաբանների՝ գործարար Փաշաևի սպանությունը պատճառ է դարձել տեղի ադրբեջանական սփյուռքի պառակտմանը։

Որպես խափանման միջոց՝ դատարանը երեք անձանց՝ Ակիֆ, Այազ և Մազահիր Սաֆարովների համար ընտրել է 22-օրյա կալանք։ Եվս 3 անձ՝ Բեքիր Սաֆարովը, Ահլիման Գանջիևը և Շահին Լալաևը, կալանավորվել են երեք օրով։

Ի պատասխան Բաքվի հայտարարություններին՝ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է․ «Նախորդ տարիներին կատարված ծանր հանցագործությունների փաստի վերաբերյալ քրեական գործերի քննության շրջանակներում Ռուսաստանի իրավապահ մարմինները ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացրել կասկածյալների բնակության վայրերում, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են, ծագումով՝ Ադրբեջանից»։

«Զախարովայի կարճ և անլուրջ արձագանքը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից հրապարակված նոտային և հայտարարությանը բավարար չէ։ Այս հարցի վերաբերյալ պետք է տրվի ավելի համապարփակ և հիմնավորված բացատրություն»,- արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի անդամ Վուգար Իսկանդարովը։ Վերջինիս հավելել է, որ Ռուսաստանի նման վարքագիծը իբր կապված է Ադրբեջանի աճող միջազգային հեղինակության, անկախ արտաքին քաղաքականության, անընդհատ աճող համաշխարհային ազդեցության հետ և որ Ադրբեջանի հզորության ամրապնդումը իբր թե ռուսական որոշ շրջանակներում մտահոգություն է առաջացնում, և նրանք էլ փորձում են տարբեր մեթոդներով դանդաղեցնել և թուլացնել այս զարգացումը։

Ադրբեջանի Միլլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ահմադովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանի Հանրապետության Միլլի մեջլիսի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին։ «Այս որոշումը կայացվել է Եկատերինբուրգում ռուս իրավապահ մարմինների կողմից էթնիկ հողի վրա ադրբեջանցիների նկատմամբ իրականացված ցուցադրական, նպատակային և դատական չարաշահումների և բռնության գործողությունների, ինչպես նաև՝ վերջին ժամանակներում նման միջադեպերի կրկնվող բնույթին ի պատասխան»,- հայտնել է Միլլի մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ադրբեջանում Քաղաքացիական համերաշխության կուսակցության նախագահ, Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի համանախագահ Սաբիր Ռուստամխանլին ադրբեջանցիների նկատմամբ ռուս իրավապահների կողմից իրականացված խուզարկությունը որակել է որպես «պետության կողմից կատարված հանցագործություն»։ «Սա բարբարոսություն է, որը կատարվել է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից»,- ասել է Ռուստամխանլին։

Վերջինս իր խոսքում հետաքրքիր ձևակերպումներով է ներկայացրել Ռուսաստանի Դաշնությունը, ուր «եղել է անհանդուրժողականություն, այլ ժողովուրդների նկատմամբ ատելություն», իսկ տեղի ունեցածը որակել մաքրագործում, որ «իրականացվել է թյուրքական և մուսուլման ժողովուրդների նկատմամբ»։ Այսօր Ռուսաստանի Դաշնությունում ապրում է մոտ 3 մլն ադրբեջանցի։ Այս ամենով հանդերձ՝ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները նա որակել է որպես «ցուցադրական բարեկամություն»։

Հարց է առաջանում՝ ինչու՞ է Բաքուն այս փաստերից հետո փորձում կոծկել, այլ հնչերանգ տալ հանցավոր այդ խմբի գործունեությանը՝ այն էլ պաշտոնական մակարդակով։

Վերջին շրջանում ռուս-ադրբեջանական միջպետական հարաբերություններին բնորոշ են ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող սրացումները։ Վերջին անգամ այդ հարաբերությունները լարվել էին 2024 թվականի դեկտեմբերի վերջերին՝ կապված Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման հետ։ Ակնհայտ է, որ ներկայումս ռուս-ադրբեջանական հարաբերություններն այնքան էլ հարթ չեն։ Եկատերինբուրգի իրադարձությունները, որոնք ամբողջությամբ տեղավորվում են քրեական գործողությունների համատեքստում, օգտագործվում են ադրբեջանական իշխանությունների կողմից՝ սրելու ՌԴ-ի հետ հարաբերությունները։ Միանշանակ է, որ Ադրբեջանում կրկին սկսված հակառուսական այս արշավը ծրագրված և մտածված պետական ռազմավարության մաս է՝ ավելի խորքային նպատակներով։

—00—ՍՊ