Հարգելի Մակրոն, Ձեր «աջակցությունը» Փաշինյանին նպաստում է բռնապետությանը, ոչ թե ժողովրդավարությանը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի գնահատմամբ՝ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, ցավոք, խրախուսում է Հայաստանում ձևավորվող ավտորիտար համակարգը։
«Հարգելի նախագահ Էմանուել Մակրոն,
Ձեր «աջակցությունը» Նիկոլ Փաշինյանին փաստացի նպաստում է ոչ թե ժողովրդավարության, այլ բռնապետության կայացմանը Հայաստանում և տարածաշրջանում նոր բռնապետի ի հայտ գալուն։
Վերջին տարիներին, երբ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները և Դուք խրախուսել եք Հայաստանի իշխանություններին, այսպես կոչված, «խիզախ քայլերի» համար, դա մեր ազգի համար ավարտվել է աղետով։
Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը և հայաթափումը դրա ողբերգական վկայությունն է։
Միաջազգային հարաբերություններում այսպիսի հայտարարությունները, ընդհանրապես, դիտվում են որպես ուղիղ միջամտություն երկրների ներքին գործերին։
Հայաստանում քաղաքական ուժերը պայքարում են իրենց ինքնության, ժողովրդի իրավունքների, նաև իրական ժողովրդավարության համար:
Կարիք չկա հարվածել հայ֊ֆրանսիական բարեկամությանն ու ժողովրդավարության անվան տակ լեգիտիմացնել բռնապետության հաստատումը Հայաստանում», – հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցը որակել էր «շատ լավ»։
«Հայտնեցի Ֆրանսիայի համերաշխությունն՝ ի պատասխան Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի», – հայտարարել էր նա։
–00—ԱՊ