Նիկոլի ու նրա ՔՊ-ի դեպքում X օրը չի լինելու այնպիսին, ինչպիսին եղել է 1998-ին կամ 2018-ին․ քաղաքագետ

28/06/2025 21:03 Քաղաքական

Քաղաքագետ Միհրան Հակոբյանը գրում է․

«Նիկոլի քարոզչամեքենան ու հարակից խմբակը (պսևդոարևմտամետ սարգսյանարամներ ու բաբաջանյանարմաններ) փրփուրը բերաններին փորձում են քարոզչական արդյունք ստանալ, թե Սամվել Կարապետյանին կալանավորելով ու Հայ Եկեղեցու վրա հարձակվելով՝ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՌԴ նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոյին են հաղթում:

Ավելին՝ «Կիրիենկոն ցանկանում է վերացնել Հայաստանի ինքնիշխանությունը, բայց Նիկոլը մաքառում և ատամներով պահում է ինքնիշխանությունը»: Իբր թե Կիրենկոն է զբաղվում Հայաստանով, իրենք էլ Կիրիենկոյին «հաղթում են»:

Հետաքրքիր է, որ Կիրիենկոյին են «հաղթում», ոչ թե Պուտինին: Հավանաբար դժվար է մարդկանց համոզելը, որ Պուտինը, բան ու գործը թողած, Նիկոլի ու սարգսյանարամների դեմ «շաշկի է խաղում» ու պարտվում է: Եվ, հետո. Պուտինի անունը տալը երևի վտանգավոր է, իսկ ահա Կիրիենկոյինը՝ ոչ այնքան, նույնիսկ որոշակի էկզոտիկա կա այս ամենում:

Անշուշտ, շատ չեն, բայց դեռ կան միամիտներ, որ հավատում են, թե Պուտինի աշխատակազմը Հայաստանով զբաղվում է, իսկ Կիրիենկոն ծրագրավորել է Հայաստանում իշխանափոխություն: Ու չի էլ քննարկվում հարցը, թե ինչու՞ պետք է Ռուսաստանը փոխի Նիկոլին. ուկրաինական պատերազմի «նեղ մաջալին» և Թուրքիայի հետ ունեցած ծնկած հարաբերությունների ֆոնին ավելի լավ փալաս է գտնելու՞ Հայաստանի կառավարիչի աթոռի համար, որը արևմտամետի շղարշի ներքո կետ առ կետ կանի այն, ինչ իրար մեջ պայմանավորվել են աշխարհաքաղաքական կենտրոնները:

Երկու կոպեկի խելք ունեցողների համար նույնիսկ կասկած չկա, որ աջուձախին «Մոսկվայի ագենտ», «գուբերնիստ», «ԿԳԲ գործակալ» և նման այլ էպիտետներ շնորհող պսևդոարևմտամետները, որոնց արդեն 7 տարի է Հայաստանի իշխանություն ու Հայաստանի ինքնիշխանության «պահապաններ են» կարգել, ուղիղ կամ միջնորդավորված այն են, ինչում ուրիշներին են փորձում մեղադրել: Հիշու՞մ եք չէ՝ գողն ամենից բարձն է գոռում՝ բռնեք գողին: Ի դեպ, սրանց մի մասը գործում է գիտակցված՝ «պագոնի տակ», մյուս մասը՝ այդքան ուղեղ չունի, որ հասկանա, թե իրականում ում համար է աշխատում:

Եվ, քանի որ ուղեղ չունի, չի էլ հասկանում, թե ինչ «փոթորիկ է մոտենում»: Կիրիենկոյին «հաղթողների» գլխին արժի սառը ջուր լցնել, որովհետև իրականում ոչ Կիրիենկոն, ոչ էլ ռուսական որևէ այլ «գրասենյակ» իրենցով չի զբաղվում, ոչ մի ձևով չի զբաղվում: Եղածը թուլափայի մակարդակի ռուսական տեղեկատվական ծխածածկույթ է՝ վերջում «թղթերով մաքուր» լինելու համար:

Իմպերիան այլ ձև չի լինում: Իսկ զբաղվելու փորձ Ռուսաստանն ունի՝ սկսած 1988-ից: Դրա մասին հայկական էլիտա ասվածը գիտի, բայց չի բարձրաձայնում՝ հավանաբար շահերի ու պոլիտկոռեկտության դրդապատճառներով:

Ասվածում նյարդ չկա, էմոցիա չկա, մեղադրանք չկա: Ասվածում կա իրողություն ու պատմական աքսիոմների արձանագրում: Եվ, ուրեմն՝ Կիրիենկոյին «հաղթողներին» ու Կիրիենկոյից զանգ սպասող ընդդիմությանը բարի բախտ մաղթենք, թող մի բարձի ծերանան: Իսկ երբ Ռուսաստանը կզբաղվի Կիրիենկոյին «հաղթող» նիկոլական խմբակով, դա իրենք կզգան իրենց մաշկի վրա:

Նիկոլի ու նրա ՔՊ-ի դեպքում այդ զբաղվելը կամ այսպես ասած՝ X օրը, չի լինելու այնպիսին, ինչպիսին եղել է 1998-ին կամ 2018-ին, նույնիսկ 2008-ի նման չի լինելու: X օրը նիկոլենց համար շատ-շատ դաժան է լինելու: Կրիմինալիստները գիտեն, թե ինչու: Բայց X օրը լինելու է, չի կարող չլինել, որովհետև բնության մեջ միշտ E = mc2»:

—00—ՍՊ