Թեհրանի՝ Հայաստանի հետ խնդիրները թերագնահատելը կարող է զգալի «քաշ» արժենալ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

«Ադրբեջանն արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությանը, կապված այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» հետ: Երեւանում կայացած ասուլիսի ընթացքում ի պատասխան հարցի, կապված Ստամբուլում Իսլամական գործակցության կազմակերպության հայտնի փատաթղթերի հետ:Իրանի դեսպանը հայտարարել է, որ «Արեւմտյան Ադրբեջանը» իրանյան նահանգ է եւ չի կարող օգտագործվել այլ տարածքի համար: Բաքուն հիշեցրել է, որ Իրանը կողմ է քվեարկել ԻՀԿ այդ փաստաթղթերին՝ Ստամբուլում նիստի ընթացքում: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի խոսքով, Իրանի դեսպանի հայտարարությունները Հայաստանի հանրության սպառման համար են»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը․
«Պետք է ցավալիորեն խոստովանել, որ համենայն դեպս այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը պաշտոնապես չի բացատրի Ստամբուլում կողմ քվեարկելը, կամ թեկուզ անուղղակի, սակայն շոշափելիորեն չի արտահայտի իր ավելի ամբողջական դիրքորոշումը այս հարցում, այլ հայտարարությունները դառնում են ընդամենը Հայաստանի հանրությանը դուր գալու համար արվող հայտարարություններ:
Այո, լավ է, որ Իրանի դեսպանը «Արեւմտյան Ադրբեջանի» մասին խոսում է այդպես: Բայց, այստեղ հարցը ձեւակերպումները չեն, այստեղ հարցը խնդրի էությունն է, որն արտահայտված է այն բանաձեւերում, որոնց կողմ է քվեարկել Իրանը:
Ես հասկանում եմ, որ այդ օրերին Իրանը շատ խառն էր Իսրայելի պարտադրած պատերազմով: Այո, Իրանը կարող էր առանձնապես խորամուխ չլինել Հայաստանի վերաբերյալ այդ բանաձեւերում, եւ ավելին՝ փորձել պարզապես դրանց համար չգնալ Բաքվի ու Թուրքիայի հետ առճակատման՝ իր համար պատերազմական այդ վիճակում: Սա ոչ թե Իրանին արդարացնելու փորձ է, այլ Իրանի վարքագիծը, հնարավոր ասպեկտները հասկանալու:
Իսկ այ, թե ինչով էր զբաղված եղել Հայաստանի ԱԳՆ-ն, որի ղեկավարն առավել եւս մեկ օր առռաջ վարչապետ Փաշինյանի հետ Ստամբուլում հյուրընկալվել էր Էրդողանին, սա էական հարց է:
Ես արդեն հիշատակել եմ, ԻՀԿ-ում Հայաստանի հետ լավ հարաբերութուն ունեցող բազմաթիվ երկրներից միայն Լիբանանն է վերապահում արտահայտել Հայաստանին առնչվող այդ թեմաների կապակցությամբ:
Գուցե հռետորական հարց է, առավել եւս, որ արդեն որոշակի հանգամանալից անդրադարձել եմ թեմային, թե ինչու՞ Լիբանանի վերապահում կար, իսկ այլ բարեկամ երկրների վերապահում կամ դեմ քվեարկություն՝ ոչ:
Իհարկե ես հակված եմ, որ բոլոր դեպքերում պատասխանատուն պետք է լինի Հայաստանի ԱԳՆ-ն: Բայց, կոնկրետ Իրանի պարագայում եւս սա շատ էական հարց է, որովհետեւ երկիմաստություններն այստեղ հարվածելու են հայ-իրանական հարաբերությանը: Թեհրանն իհարկե այսօր ունի շատ ավելի բարդ ու մասշտաբային օրակարգային հարցեր, բայց Հայաստանի հետ խնդիրները թերագնահատելը եւս կարող է զգալի «քաշ» արժենալ: Հետեւաբար, այստեղ թերեւս Իրանը պետք է հնարավորինս արագ ամբողջացնի իր ճշգրտումներն ու Հայաստանի հանրությանն ուղղված ազդակները»,- նշել է նա։