ԱԳ փոխնախարարը հաստատել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման ՀՀ պատրաստակամությունը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Հունիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը տեսակապի ձևաչափով մասնակցել և ելույթով հանդես է եկել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 50-րդ նիստին:
ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծել է կազմակերպության դերակատարությունը՝ որպես տարածաշրջանում քաղաքական երկխոսության և ոլորտային լավագույն փորձի փոխանակման հարթակ, և վերահաստատել է ՍԾՏՀԿ գործող ընթացակարգերի բարեփոխման վերաբերյալ Հայաստանի առաջարկները՝ կազմակերպության աշխատանքների արդյունավետությունն ամրապնդելու նպատակով:
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՍԾՏՀԿ մանդատի հիմքում ընկած բաց սահմանների, մարդկանց, ապրանքների և ծառայությունների անարգել տեղաշարժի և ներառական տնտեսական համագործակցության ապահովման տարրերի կարևորությունը:
ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի կառուցողական և արդյունավետ ներգրավվածությունը կազմակերպության շրջանակներում՝ ուղղված խաղաղության, կայունության, անվտանգության, համագործակցության և կայուն զարգացման խթանմանը Սևծովյան տարածաշրջանում և դրանից դուրս։
Անդրադառնալով տարածաշրջանում համագործակցությանն ու փոխկապակցվածությանն ուղղված ՀՀ օրակարգին՝ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման ՀՀ պատրաստակամությունը՝ հիմնված բոլոր ներգրավված երկրների ինքնիշխանության և ազգային իրավազորության հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ որպես տարածաշրջանային համագործակցության հարթակ և վստահության ձևավորման կարևոր միջոց:
–00—ՅՄ