Սյունիքի տրանսպորտային նախագիծը կարող է վաղաժամկետ ավարտվել․ Իրանի դեսպան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

Սյունիքի մարզում տրանսպորտային նախագծերի շուտափույթ իրականացումը Իրանի համար կարճ երթուղի կբացի Հայաստանի տարածքով դեպի Սև ծովի ավազան: Միևնույն ժամանակ այդ ճանապարհը Երևանը կկապի Պարսից ծոցի պետությունների և իրանական «Չաբահար» նավահանգստի հետ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։
Նրա խոսքով՝ Սյունիքի մարզում իրանցի կապալառուների կողմից իրականացվող ճանապարհաշինությունը ժամանակացույցից առաջ է ընթանում։
«Սյունիքում աշխատանքների նկատելի առաջընթաց ունենք, մենք 3 %-ով պլանից առաջ ենք։ Եթե հաջողվի պահպանել ընթացիկ տեմպերը, նախագիծը կավարտվի նույնիսկ նախատեսված ժամկետից շուտ», – նշել է դիվանագետը։
Դեսպանն ընդգծել է, որ ներկա պահին նախագծի իրականացման հարցում որևէ խնդիր չկա: Սոբհանին վստահություն է հայտնել, որ Ագարակ-Երևան երթուղու բոլոր հատվածների ավարտից հետո բեռնափոխադրումները կկատարվեն նոր որակով:
Բացի այդ, Իրանը նախատեսում է Արաքս գետի վրա կառուցել երկրորդ կամուրջը։
–00—ՅՄ