ՀՀ-ի՝ տարածաշրջանում խաղաղության հաստատումը դրսևորվում է Թուրքիայի հետ հարաբերության կարգավորմամբ

26/06/2025 20:01 Քաղաքական

Հունիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում մասնավորապես նշել է.

«Պատվավո՛ր նախագահող, Գերազանցություններ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ և առաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել ֆիննական նախագահողությանը՝ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովի այս հատուկ նիստում ելույթ ունենալու հնարավորության համար:

Այս հանդիպումը տեղի է ունենում գլոբալ անվտանգության ճարտարապետության աննախադեպ և խիստ մտահոգիչ վատթարացման ֆոնին, այդ թվում՝ ԵԱՀԿ տարածաշրջանում: Շարունակվող ճգնաժամերն ու հակամարտությունները, մեկտեղված մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի մշտական խախտումներիհետ, քայքայում են այն հիմնարար սկզբունքները, որոնց վրա հիմնված է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից և Սառը պատերազմից հետո ձևավորված անվտանգության համակարգը։ Չափազանցություն չի լինի ասել, որ տարեցտարի աշխարհն աստիճանաբար մոտենում է անդառնալիության կետին։ Սակայն, բարեբախտաբար, մենք դեռևս չենք հատել այդ կրիտիկական շեմը, թեկուզ և քիչ ժամանակ է մնացել՝ գնահատելու և ճիշտ որոշում կայացնելու համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Այս տարի մենք նշում ենք Հելսինկյան եզրափակիչ ակտի 50-ամյակը։ Դեկալոգը՝ իր հիմնարար սկզբունքներով, ինչպիսիք են տարածքային ամբողջականության հարգումը, ինքնիշխան հավասարությունը, սահմանների անխախտելիությունը, ուժի չկիրառումը և վեճերի խաղաղ կարգավորումը, ձևավորում է մեր ընդհանուր հանձնառությունների շրջանակը՝ ուղղորդելով միջպետական հարաբերությունների թերևս անկատար, սակայն քաղաքականապես պարտավորեցնող վարքագիծը։ Սակայն այսօր այս հիմնարար սկզբունքները համակարգված և միտումնավոր կերպով անտեսվում են։ Տասնամյակների ընթացքում ձևավորված այս կոնսենսուսային համակարգը մարտահրավերների է բախվում բազմաթիվ ուղղություններով։ Այս համատեքստում չափազանց կարևոր է վերահաստատել մեր հանձնառությունը հավաքական անվտանգության հիմք հանդիսացող սկզբունքներին և գործիքակազմին։

Գերազանցություննե՛ր,

Հաշվի առնելով, որ ԱՎՏՀ-ն ընձեռում է կարևոր հնարավորություն՝ գնահատելու ԵԱՀԿ մասնակից պետությունների ջանքերը քաղաքական-ռազմական հարթությունում՝ առանձնահատուկ ուշադրություն պետք է ընձեռել սպառազինությունների վերահսկման ճարտարապետության առկա վիճակին։ Հայաստանը շարունակում է խորապես հավատալ, որ գործուն և վստահելի սպառազինությունների վերահսկման համակարգը կենսական նշանակություն ունի տարածաշրջանային կայունության ապահովման, փոխադարձ վստահության ձևավորման և էսկալացիայի կանխարգելման համար։

Տասնամյակներ շարունակ Հայաստանը ցուցաբերել է լիարժեք հավատարմություն սպառազինությունների վերահսկման ռեժիմի ներքո իր պարտավորություններին, ներառյալ՝ ԵՍԶՈւ-ի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում։ Սակայն մեր տարածաշրջանում սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի ամբողջականությունը լրջորեն խաթարվել է՝ դրա հիմնական դրույթների համակարգային և զանգվածային խախտումների հետևանքով, ինչը, զուգորդվելով միջազգային հանրության կողմից նման խախտումների վաղ ազդանշանների ժամանակին հայտնաբերման և վերահաս էսկալացիան կանխելու կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու անկարողության հետ, այս մեխանիզմները վերածել է ուժի կիրառման համար հարմար ծխածածկույթի։

Այնուամենայնիվ, Հայաստանը, հավատարիմ մնալով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև հարևանների միջև վստահության և վստահելիության ձևավորմանը, Ադրբեջանին է ներկայացրել գրավոր առաջարկ՝ ուղղված սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծմանը։ Մենք վստահ ենք, որ նման երկկողմ պայմանավորվածությունների միջոցով հնարավոր է խթանել թափանցիկությունը, կառուցել վստահություն և նվազեցնել սպառնալիքների ընկալման ռիսկերը։

Ի հավելումն, Հայաստանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի երկայնքով հրադադարի հնարավոր խախտումների անաչառ հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկով՝ հավելյալ ընդգծելով իր հանձնառությունը երկխոսությանը և լարվածության թուլացմանը։ Մենք շարունակում ենք համոզված լինել, որ նման մեխանիզմները կարևոր են տարածաշրջանում վստահության և կայունության ամրապնդման համար, և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ներգրավվելու կենսական նշանակության այս հարցերի շուրջ բովանդակային երկխոսության մեջ։

Պարո՛ն նախագահող,

Մինչ աշխարհը բախվում է հակամարտությունների կտրուկ աճի և անցնում է ժամանակակից պատմության ամենաանհանգիստ ժամանակաշրջաններից մեկը, Հայաստանը անդրդվելի է իր հանձնառության մեջ՝ հասնելու արդար և տևական խաղաղության Հարավային Կովկասում, որը վաղուց ճանաչվել է որպես ԵԱՀԿ պատասխանատվության գոտու ամենաանկայուն տարածաշրջաններից մեկը։

Իհարկե, մենք որևէ պատրանք չունենք առ այն, որ խաղաղությունը կարող է հեշտությամբ հաստատվել։ Հայաստանի համար տարածաշրջանային խաղաղության ուղին հենվում է հստակ և տրամաբանական բանաձևի վրա՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։ Այս բանաձևը մեր տարածաշրջանին տալիս է իրական հնարավորություն՝ ճեղքելու թշնամանքի շղթան և կառուցելու ավելի կայուն ու համագործակցային ապագա։

Ավելի քան երեք տարի տևած հագեցած բանակցություններից հետո սույն թվականի մարտին արձանագրվել է մի շրջադարձային առաջընթաց՝ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Այս համաձայնագրի վերջնականացումը իրական առաջընթաց է՝ մի քայլ, որը ստեղծում է աննախադեպ հնարավորություն առաջ շարժվելու հակամարտությունների ժառանգությունից և ինստիտուցիոնալացնելու խաղաղությունը՝ հիմնված փոխադարձ ճանաչման և միմյանց տարածքային ամբողջականության հարգման վրա։ Այս առումով Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է՝ մենք չպետք է թույլ տանք այս պատմական պահի բացթողումը։ Այդ նպատակով է Հայաստանը առաջարկել խորհրդակցություններ սկսել փաստաթղթի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ, և, չնայած բոլոր դժվարություններին, շարունակում է այդ ուղղությամբ իր ջանքերը:

Սակայն, ինչպես ցանկացած երկկողմ խաղաղության համաձայնագրի դեպքում, դրա հաջողությունը կախված է երկու կողմերի անկեղծ հանձնառությունից։ Ի վերջո, ստորագրությունը սոսկ ձևականություն չէ. այն քաղաքական կամքի դրսևորում է և իրավական ու բարոյական պարտավորության հիմք։ Ցավոք, համաձայնագրի նախագծի վերջնականացումից հետո Ադրբեջանը ներկայացրել է արհեստական նախապայմաններ․ մեկը՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի կառույցների լուծարման վերաբերյալ, իսկ մյուսը՝ ՀՀ Սահմանադրության մեջ ենթադրյալ տարածքային հավակնությունների առկայության առնչությամբ։

Հատուկ անհրաժեշտություն չկա կրկին անդրադառնալ այս հարցերում Հայաստանի հայտնի դիրքորոշմանը։ Մենք արդեն մանրամասն և լիակատար թափանցիկությամբ ներկայացրել ենք մեր տեսակետները, այդ թվում՝ հենց այս հարթակում, մասնավորապես՝ այս տարվա մարտին մեր նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի ընթացքում։

Մենք հավատում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը ամենակարճ ճանապարհն է պատասխանելու բոլոր հարցերին, հասցեագրելու առնչվող մտահոգությունները և հնարավոր խոչընդոտները։ Այն ներկայացնում է առաջին և ամենակարևոր քայլը՝ առճակատումը համագործակցության վերածելու ուղղությամբ։

Ավելին, Հայաստանը վստահ է, որ Հարավային Կովկասում բոլոր առևտրային և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ազգային իրավազորության, ինչպես նաև հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա, հնարավորություն կտա օգտագործել տարածաշրջանի մինչ այժմ չիրացված ներուժը և կբացի հսկայական հնարավորություններ Հարավային Կովկասի և այլ տարածաշրջանների բարեկեցության համար։ Սա նաև մեծապես կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը ու կայուն զարգացմանը: Այս կապակցությամբ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ներուժ ունի դառնալու տարածաշրջանային համագործակցության հարթակ և ծառայելու որպես վստահության ձևավորման կարևոր միջոց, որը կարող է էական ներդրում ունենալ տևական խաղաղության հաստատման ջանքերում։

Հարգելի՛ գործընկերներ,

Երկխոսության և բարեխիղճ ներգրավվածության հանդեպ անկեղծ հանձնառությունը խաղաղություն կառուցելու կարևոր հենքն է։ Այս առումով մտահոգիչ է, որ մենք շարունակում ենք լսել բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարություններ, որոնք պարունակում են բացահայտ սպառնալիքներ և տարածքային հավակնություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջան» կոչվող խոսույթի միջոցով։ Ցավոք, ԵԱՀԿ հարթակները ևս շահարկվում են այդ խոսույթը տարածելու նպատակով։ Մենք հաստատակամորեն հավատում ենք, որ բոլոր ջանքերը, այդ թվում՝ երկու կառավարությունների կողմից, պետք է ուղղված լինեն իրենց հասարակություններին ուղղորդելուն և քաջարելելուն՝ կենտրոնանալու տևական խաղաղության հաստատման ու բարիդրացիական հարաբերությունների զարգացման վրա։

Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը ևս մեկ անգամ դրսևորվում է մեր երկրի կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռնարկված քայլերով: Այս համատեքստում կցանկանայի առանձնացնել ՀՀ վարչապետի վերջերս կատարած Թուրքիա այցը, որի ընթացքում կողմերը վերահաստատել են կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը և ընդգծել շոշափելի արդյունքների հասնելու կարևորությունը։ Մենք համոզված ենք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ոչ միայն կլինի էական երկկողմ առաջընթաց, այլև դրական ազդեցություն կունենա առավել լայն տարածաշրջանային խաղաղության օրակարգի վրա։

Ամփոփելով` թույլ տվեք վերահաստատել մեր համոզմունքը, որ խաղաղությունը ոչ միայն բարոյական հրամայական է, այլև ռազմավարական անհրաժեշտություն։ ԵԱՀԿ-ն և իր մասնակից պետությունները պետք է շարունակեն վճռականորեն աջակցել այն գործընթացներին, որոնք նախընտրում են երկխոսությունը՝ բաժանման փոխարեն, և համագործակցությունը՝ հակամարտության փոխարեն։ Հայաստանը պատրաստ է կառուցողականորեն նպաստել այդ տեսլականի իրականացմանը։

Շնորհակալ եմ»։

–00—ՍՊ