ԵՄ պատվիրակության ղեկավարն ընդգծել է հակակոռուպցիոն ուժեղ ինստիտուտների ձևավորման անհրաժեշտությունը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Կարևորելով միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության աջակցությունը Կոմիտեի կայացման և կարողությունների զարգացման գործընթացում՝ Արթուր Նահապետյանը նշել է, որ կոռուպցիան այսօր ոչ միայն առանձին երկրների խնդիր է, այլև անդրազգային երևույթ, որի դեմ պայքարի գործում շատ կարևոր է միջազգային համագործակցությունը:
ԵՄ պատվիրակության ղեկավարն ընդգծել է հակակոռուպցիոն ուժեղ ինստիտուտների ձևավորման անհրաժեշտությունը՝ նշելով, որ ԵՄ-ի կողմից շարունակաբար իրականացվող վերապատրաստման տարբեր ծրագրերը հակակոռուպցիոն պայքարի միջոցառումների կարևոր բաղադրիչ են:
Հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար փողերի լվացման և ֆինանսական հանցագործությունների քննությանն առնչվող վերապատրաստման տարբեր ծրագրերի իրականացման արդյունավետությանը, միջազգային իրավական փոխօգնության հարցումներին առնչվող աշխատանքների կարևորությանը: Քննարկվել է նաև միջազգային գործընկերների աջակցության հնարավորությունը կոռուպցիայի դեմ պայքարում Կոմիտեի ծառայողների կարողությունների զարգացման ու տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ:
Հանդիպման ավարտին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հույս է հայտնել, որ եվրոպացի գործընկերների հետ շարունակական հանդիպումներն ու համատեղ սերտ աշխատանքները նոր թափ կհաղորդեն իրավապահ համագործակցությանն ու նշանակալի արդյունք կապահովեն կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործում:
–00—ՅՄ