Արամ Սարգսյանի կուսակցությունը ողջունում է ընդդիմության շարքերում ձերբակալությունները

25/06/2025 19:48 Քաղաքական

Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը անդրադարձել է վաղ առավոտից «Սրբազան շարժման» աջակցիների դեմ իրականցվող խուզարկություններին՝ ողջունելով ընդդիմության շարքերում ձերբակալությունները։

«Հունիսի 25-ի իրադարձությունները միանշանակ համալրում են հոկտեմբերի 27-ով սկսված, մարտի 1 ով շարունակված ահաբեկչությունների շարքը։ Այս իրավիճակում միակ ելքը պետության պաշտպանությունն է` ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի թե դրսի, թե ներսի ոտնձգություններից։
«Հանրապետությունը» պետականության պաշտպանության դիրքերում է և պահանջում է ձայնագրություններով բացահայտված ահաբեկչության բոլոր մասնակիցների` օրենքի սահմաններում արժանի պատիժ` կանխելու հետագա մարտահրավերները, որ ծրագրվում են Հայաստանից դուրս` ընդդեմ ինքնիշխանության և ժողովրդի»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ «Սրբազան պայքար» շարժումը ավելի վաղ հայտնել է այսօր ձերբակալված 14 անձանցից 12-ի անունները.

Բագրատ Սրբազան, Կարո Օկումուշյան, Տիգրան Թոփալյան, Տիգրան Գալստյան, Դավիթ Գալստյան, Միհրան Մախսուդյան, Հրայր սարկավագ Հակոբյան, Աղասի Արշակյան, Իգոր Սարգսյան, Արա Ռոստոմյան, Արմեն Ալեքսանյան, Մովսես Շարբաթյան:

Հիշեցնենք՝ իրավապահները վաղ առավոտից խուզարկություններ են իրականացրել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։

Քննչական կոմիտեն հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»:

–00—ՍՊ