Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին

25/06/2025 18:22 Քաղաքական

Հայաստանի և Թուրքիայի միջև 2022-ից մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացում  տևական ժամանակ է, ինչ զգալի առաջընթաց չի նկատվում։ Թեև բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով շփումները տարբեր ձևաչափերով շարունակվում են, բայց բուն հարաբերությունների կարգավորման գործընթացը կարծես թե դոփում է նույն տեղում։ Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի, ամենասեղմ ժամկետներում ցամաքային սահմանը հատելու հնարավորություն տալ Հայաստան և Թուրքիա այցելող 3-րդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցողներին,  կարող ենք ասել դեռևս չունի նկատելի առաջընթաց, գրում է Ermenihaber.am-ը։

Այս տարի ևս Հայաստանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին (ԱԴՖ) մասնակցելու հրավեր էր  ստացել, որի ընթացքում հղվել են մի շարք ուղերձներ, հայտարարություններ հայ-թուրքական հարաբերությունների, տարածաշրջանում խաղաղության հաստատման և սահմանների բացման վերաբերյալ։ Հայ-թուրքական կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը նշել էր, որ հայ-թուրքական սահմանը կբացվի ձեռք բերված պայմանավորվածությամբ, իսկ հետագայում այդ պրակտիկան կընդլայնվի Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիների համար։ Բայց ինչպես տեսնում ենք, հիշյալ պայմանավորվածությունները հայտարարության մակարդակից այն կողմ չեն անցել։

Բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով շփումների շրջանակում  օրերս Ստամբուլում կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, իսկ դրան նախորդել էր Փաշինյանի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցը։ Հետաքրքրական է, որ հանդիպումից հետո կողմերը հանդես չեն եկել համատեղ հայտարարությամբ։ Փոխարենը արտաքին գերատեսչությունների կողմից հրապարակվել են կարճ հաղորդագրություններ, որտեղ նշվել է, որ երկկողմ շփումներից զատ քննարկվել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության գործընթացը և տարածաշրջանային ընթացիկ զարգացումները։ Վերոնշյալ օրինակները փաստում են, որ հարաբերությունների կարգավորման մեկնարկից մինչ օրս Հայաստանն է հանդես գալիս նախաձեռնություններով, որպեսզի տեղաշարժ նկատվի երկկողմ հարաբերություններում։ Ակնհայտորեն հարաբերությունների կարգավորմամբ առավել շահագրգռված է Հայաստանը, քան՝ Թուրքիան։

Մանրամասն՝ սկզբանաղբյուր կայքում։

–00—ՅՄ