Ապաշրջափակված լինելը կչեզոքացնի Հայաստանի էներգետիկ ռիսկերի 40 տոկոսը. փոխվարչապետ

24/06/2025 15:26 Քաղաքական

Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից տարածաշրջանի ապաշրջափակումը կարևորագույն նշանակություն ունի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ–Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի շրջանակում կազմակերպված քննարկման ժամանակ։

Գրիգորյանը նշել է, որ էներգետիկ համակարգի զարգացման հիմնական մարտահրավերը Հայաստանի՝ գլոբալ էներգահաղորդիչ ցանցերին կապված չլինելն է։

«Եթե միացված չենք, մնում ենք լոկալ արտադրության և սպառման շրջանակում, ինչը շատ թանկ է։ Օրինակ՝ արևային էներգիան կամ պետք է սպառվի գլոբալ ցանցի միջոցով, կամ պետք է կուտակիչներ ունենանք, որոնք էական ազդեցություն են թողնում սակագնի վրա և ստեղծում բնապահպանական խնդիրներ, մասնավորապես՝ օգտագործման ժամկետի ավարտին դրանց ուտիլիզացիայի ընթացքում»,– ընդգծել է նա։

Փոխվարչապետը նաև նշել է, որ ատոմակայանի արդյունավետ շահագործումը փոքր սպառման պայմաններում և փակ սահմանների պարագայում նույնպես խնդիրներ է ստեղծում՝ թե՛ ծախսերի, թե՛ անվտանգության տեսանկյունից։

«Ինքնարժեքը շատ լավ է, բայց ատոմակայանը միացնելն ու անջատելն իր բնույթով պահանջում է մեծ ռեսուրսներ և ենթարկվում է անվտանգության խիստ պրոտոկոլների»,-ասել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ապաշրջափակման հարցը պետք է դրվի նաև քաղաքացիական հասարակության օրակարգում, քանի որ այն էներգետիկ ռիսկերից խուսափելու հետ ուղիղ կապ ունի։

«Եթե խոսում ենք էներգետիկ ռիսկերից, ապա պետք է ուշադրության կենտրոնում պահել ապաշրջափակման թեման, քանի որ դա առաջին և կարևոր քայլն է, որը չեզոքացնում է այդ ռիսկերի 40 տոկոսը»,-շեշտել է փոխվարչապետը։

—00—ՄԱ