Նիկոլը վախենում է, Սամվել Կարապետյանն այն մարդը չէ, ում կարելի է օգտագործել․ Արմեն Ավետիսյան

24/06/2025 14:44 Քաղաքական

ԵՊՀ դասախոս, Հայաստանի բուհերի արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանը գրում է․

«Վերջին օրերի զարգացումները, որոնք ուղեկցվեցին Սամվել Կարապետյանի ձերբակալությամբ, այլևս չեն տեղավորվում իրավական կամ նույնիսկ քաղաքական գործընթացների շրջանակում։ Այստեղ գործ ունենք իշխանություն-անհատ հարաբերության վտանգավոր մի փուլի հետ, որտեղ իշխանությունն անցնում է ոչ թե օրինականության սահմանները, այլ՝ բարոյականության և ազգային արժանապատվության բոլոր կարմիր գծերը։

Սամվել Կարապետյանը Հայաստանում այն հազվագյուտ դեմքերից է, ում անվան շուրջ ձեւավորվել է հասարակական վստահություն՝ առանց պաշտոնի, առանց կուսակցական կառույցի, առանց գովազդային աղմուկի։ Նրա անունը հետայսու ոչ միայն լսվելու է տնտեսության կամ բարեգործության տիրույթին, այլ՝ ազգային ինքնության խոսույթում։

Երբ նման մարդուն փորձում են վարկաբեկել, մեկուսացնել, ապա հանրությունն ունի ընդամենը երկու տարբերակ՝ կամ լռել և համաձայնվել, կամ բարձրաձայն պաշտպանել ու դիմագրավել։
Այս պարագայում լռությունը հավասարազոր է համաձայնության և այն նիկոլականների կողմից ընկալվում է որպես թույլտվություն՝ շարունակելու նույն մեթոդաբանությամբ ոչնչացնել հեղինակությունը որպես երևույթ, արժանապատվությունը որպես մարդկային կացութաձև և ազգային համախմբումը որպես պետականության հարատևման գրավական։

Նիկոլը վախենում է Սամվել Կարապետյանից, որովհետև վերջինս ներկայացնում է մի տեսակ, որը չի չափվում ձայների քանակով կամ պաշտոնների թվով։ Դա հասարակական լեգիտիմության ուժն է և այդ ուժից վախենում են բոլոր նրանք, ովքեր իրենց իշխանությունը կառուցել են պառակտման, վախի և արհեստական լեգիտիմության հիմքի վրա։

Նիկոլ վախենում է, որովհետև Սամվել Կարապետյանը այն մարդը չէ, ում կարելի է օգտագործել, պայմանավորվել, հալածել, առնել ու ծախել, վարկաբեկել, անվանարկել, անցյալը հիշեցնել և վերջում մոռացության տալ։ Հենց սրանով էլ Սամվել Կարապետյանը Նիկոլի համար անհարմար մրցակից է, իր ամբողջ իշխանավարման ընթացքի մեջ պատահած ամենաանկանխատեսելի ընդդիմախոսը, եթե կուզեք իրական ընդդիմադիր է և հենց Նիկոլի անասնական վախը գալիս է նրանից, որ հանկարծ հաջողված բիզնեսմենը, աշխարհի ամենահարուստ հայ մարդը չդառնա իրական ընդդիմադիր առաջնորդ, ինչը կազդարարի Նիկոլի անփառունակ վախճանի արագ ավարտվող սկիզբը։

Սամվել Կարապետյանը երկար լռությունից հետո խոսեց, բայց նա խոսեց ոչ թե որպես ընդդիմադիր, այլ՝ որպես պատասխանատու հայ մարդ, ով հրաժարվեց լռել, երբ վտանգված է եկեղեցին, պետությունը և ազգային ինքնությունը։ Նրա հայտնի արտահայտությունը՝ «մեր ձևերով», ցնցեց իշխող համակարգը ոչ թե այն պատճառով, որ այն սպառնալիք էր, այլ այն պատճառով, որ այնտեղ հնչեց ինքնավստահություն, արժանապատվություն և հանուն հայի և Հայաստանի պայքարի խոսույթ։

Հասարակությունը չի կարող այդ ամենին արձագանքել լռությամբ, դա կլինի ոչ միայն անթույլատրելի, այլ՝ կործանարար։ Այսօրվա լռությունը վաղվա վախն է, իսկ վաղվա վախը դառնում է համակարգային ստրկության բանալին։ Սամվել Կարապետյանին պաշտպանելը չի նշանակում քաղաքական դաշտ մտնել, այլ նշանակում է պաշտպանել սեփական խղճի ձայնը, հայոց եկեղեցին և մասնակիցը դառնալ ազգային հոգևոր դիմադրողականությանն ու պետականության պահպանմանը»։