Հայաստանի ինքնիշխանությունը կարող է խաթարվել ոչ թե պատերազմով, այլ՝ կանխամտածված քաղաքականությամբ

23/06/2025 20:04 Քաղաքական

Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի «Առաջընթացի զեկույցի» քննարկման ընթացքում․

«Հարգելի՛ գործընկերներ,

2022 թվականին Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղը ճանաչեցին որպես Ադրբեջանի մաս։ Այդ ճանաչումը խաղաղություն չբերեց։ Ընդհակառակը, այն խրախուսեց Ադրբեջանին հանդես գալ նոր տարածքային հավակնություններով։

Այսօր Ադրբեջանն ագրեսիվ կերպով առաջ է մղում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը։

Սա մարդասիրական նախաձեռնություն չէ, այլ հայկական տարածքների հետագա զավթմանն ուղղված աշխարհաքաղաքական ծրագիր՝ «ադրբեջանցիների հայրենադարձության» պատրվակով։ Սա մարդու իրավունքների հարց չէ։ Սա փորձ է՝ հիբրիդային ճնշման մանրակրկիտ մշակված ռազմավարությամբ խաթարելու Հայաստանի ինքնիշխանությունը՝ ներառյալ ժողովրդագրական մանիպուլյացիաները, պատմական վերաիմաստավորումը և ենթակառուցվածքային պահանջները։ Սա էքսպանսիոնիստական նախագիծ է, որը քողարկվում է մարդասիրական լեզվով՝ նպատակ ունենալով գաղափարախոսական և իրավական հիմքեր ստեղծել հայկական շրջանների ժողովրդագրական վերափոխման և հետագա վերահսկողության համար։ Թյուրքական աշխարհն արդեն նման էթնոքաղաքական անեքսիայի օրինակներ է ցուցադրել Հյուսիսային Կիպրոսում և Հյուսիսային Սիրիայի որոշ հատվածներում։ Հաջորդ թիրախը կարող է դառնալ Հայաստանը։

Տիկին նախագահող,

Այս օրերին Իրանի և Իսրայելի միջև աճող ռազմական լարվածությունը թյուրքական կոալիցիայի կողմից կարող է օգտագործվել Հայաստանի հարավային շրջանների վրա վերահսկողություն հաստատելու նպատակով։ Բացի ռազմական ագրեսիայի սպառնալիքից, ավելի ու ավելի իրատեսական է դառնում այսպես կոչված «միգրացիոն սցենարը», որը ենթադրում է ժողովրդագրական ներթափանցում Հայաստանի հարավ այսպես կոչված էթնիկ թյուրք փախստականների անվան տակ։ Սրանով Հայաստանի ինքնիշխանությունը կարող է խաթարվել ոչ թե պատերազմով, այլ՝ կանխամտածված քաղաքականությամբ։

Մենք պետք է գիտակցենք մարտավարության փոփոխությունը։ Սակայն նպատակը նույնն է՝ սահմանափակել որպես ինքնիշխան, ինքնորոշված պետություն գոյություն ունենալու Հայաստանի կարողությունը և լուծել «հայկական հարցը»։

Շատերն ինձ հարցնում են՝ ի՞նչ կարող է անել Եվրոպան այս ամենի դեմ։ Նախևառաջ մի՛ օրինականացրեք Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմը։ Խոսքը միայն ադրբեջանական գազի, նավթի կամ միլիարդավոր եվրո ներդրումների մասին չէ։

Եվրոպան անմիջական մասնակցություն ունի այդ ռեժիմի ամրապնդման գործում՝ օրինակ՝ ակտիվ աջակցություն ցուցաբերելով COP29 համաժողովին Բաքվում, անգամ այն բանից հետո, երբ տեղի ունեցան հայերի էթնիկ զտումները և կեղծ «նախագահական» ու «խորհրդարանական» ընտրությունները։

Ավելի տագնապալի էր վերջերս արված հայտարարությունը, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2028 թվականին պետք է անցկացվի Բաքվում։ Կա լուրջ հավանականություն, որ այդ ժամանակ Ադրբեջանը կփորձի լիարժեք իրականացնել իր «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրը և հերթական եվրոպական գագաթնաժողովը օգտագործել արդյունքների լեգիտիմացման նպատակով։

Հարգելի՛ գործընկերներ,

Ժամանակն է դադարեցնել այն հակամարտող նարատիվները, որոնք սպառնալիք են տարածաշրջանային կայունության ու խաղաղության համար։ Մենք նաև պետք է մտահոգվենք այն փաստով, որ այսօր արդեն գրվում է ավտորիտարիզմի առջև ժողովրդավարության կապիտուլյացիայի ժամանակակից պատմությունը»։

–00—ՍՊ