Հայաստանին առնչվող դատապարտելի դրույթներն Իսլամական համագործակցության կազմակերպության հռչակագրում

23/06/2025 16:02 Քաղաքական

Հունիսի 21-22-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել միջազգային ամենամեծ ու ազդեցիկ մուսուլմանական կազմակերպության՝ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳԽ) 51-րդ նստաշրջանը, որի ավարտին ընդունվել է «Ստամբուլի հռչակագիրը»։ Վերջինս վերահաստատում է երկրների հավատարմությունը կազմակերպության նպատակներին, խնդիրներին, սկզբունքներն, ինչպես նաև՝ ԻՀԿ գագաթնաժողովի ու ԱԳ նախարարների խորհրդի կողմից ընդունված բոլոր բանաձևերին։ Այս մասին հայտնում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։

Հռչակագրի դրույթներից երկուսը վերաբերում են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ Մասնավորապես՝ բանաձևով Հայաստանին կոչ է արվում «հաղթահարել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող իրավական ու քաղաքական արգելքները»։ ԻՀԿ անդամ երկրներին և իսլամական ֆինանսական հաստատություններին կոչ է արվում աջակցել «ազատագրված տարածքների վերականգնման և ականազերծման աշխատանքներին»։

Անդրադարձ է եղել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» համայնքին՝ վերահաստատելով «ներկայիս Հայաստանի տարածքից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը»։

Կազմակերպությունը, դատապարտելով «Հայաստանի տարածքում գտնվող իսլամական մշակութային ժառանգության ոչնչացումը», անտեսում է այն իրողությունը, որ Ադրբեջանի տարածքում մուսուլմանական բազմաթիվ սրբավայրեր և մզկիթներ տարիներ շարունակ վերածվել են աղբավայրերի կամ անասնագոմերի։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ միայն պահպանվել, այլև վերականգնվել և գործում է Երևանի՝ իրանական Կապույտ մզկիթը։ Ավելին՝ այն դարձել է կրոնական և մշակութային կենտրոն Հայաստան այցելող իրանցիների համար։

Իսլամաֆոբիայի դեմ դրսևորումները դատապարտող ու միջազգային կառույցներին դրա դեմ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու կոչերով հանդես եկող անդամ պետությունները, այդ թվում՝ Ադրբեջանը, մոռացության են տալիս այն փաստը, որ հենց Ադրբեջանում են մուսուլման հոգևորականները հետապնդվում, կեղծ մեղադրանքներով դատապարտվում՝ բանտերում ենթարկվելով ֆիզիկական ու սեռական բռնության։

Նշենք, որ հաջորդ տարի Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը կայանալու է Ադրբեջանում։

«Գեղարդ» հիմնադրամը խստորեն դատապարտում է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների միակողմանի հայտարարությունները և ընդունված հռչակագրի՝ Հայաստանին առնչվող հիմնազուրկ դրույթները, որոնք առաջ են քաշվել Ադրբեջանի կողմից և միտված են իրականության խեղաթյուրմանը, սեփական ագրեսիվ քաղաքականության արդարացմանն ու տարածաշրջանային կայունության խաթարմանը։

–00—ՅՄ