Փաշինյանը լավ կլինի չմոռանա, որ ինքն էլ Մուամմար ալ-Կադդաֆին չէ. Մարուքյան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դատապարտում է գործարար Սամվել Կարապետյանի դեմ Երևանում իրականացված գործողությունները․
«Խստորեն դատապարտում եմ Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումը
Այսօր առավոտյան ազգային բարերար Սամվել Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ իր աջակցությունը հայտնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Դրանից անմիջապես հետո քաղաքական իշխանությունը օգտագործելով իր վերահսկողության տակ գտնվող ուժային կառույցները, սկսել է ապօրինի գործողություններ իրականացնել Կարապետյանի դեմ։
Իբր «իրավական» այս ցուցադրական միջոցառումները ես գնահատում եմ որպես բացահայտ քաղաքական հետապնդում։ Դատապարտում եմ նման վարքագիծը և պահանջում, որպեսզի իշխանություններն ու իրավապահ մարմինները դադարեցնեն սահմանադրական լիազորությունների ոտնահարումը և չգործեն իրավական դաշտից դուրս։
Իմ այս գնահատականը հաստատվում է ՔՊ-ական պատգամավորների և անձամբ վարչապետի հայտարարություններով։ Նրանք անթաքույց ընդունում են, որ ՀՀ պետական իրավապահ մարմինները օգտագործվում են բացառապես քաղաքական նպատակներով՝ Սամվել Կարապետյանին լռեցնելու և նրան Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանական դիրքորոշման համար պատժելու նպատակով։ Նպատակը մեկն է՝ քայքայել ամենաազդեցիկ հայակենտրոն ինստիտուտը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, իսկ եկեղեցու պաշտպաններին՝ հետապնդել ամենատարբեր մեթոդներով։
Եվ եթե Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, թե «Սա Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի», լավ կլինի չմոռանա, որ ինքն էլ Մուամմար ալ-Կադդաֆին չէ»։
–00—ՍՊ