Պարզ չէ, թե ՀՀ-Ադրբեջան վարագույրների հետևում ընթացող պրոցեսն ինչ անակնկալ է պատրաստում. Աբրահամյան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին անդրադարձավ Իրան-Իսրայել հակամարտությանն՝ ընդգծելով, որ այն նոր պայթյուն է խոստանում ոչ միայն վերոհիշյալ երկու երկրներին, այլև նրանց, որոնք անպատրաստ են ճգնաժամի, որոնք չեն գնահատել եղած սպառնալիքների ազդեցությունը և անկարող են ռիսկերի կառավարում իրականացնել։
«Եթե ՀՀ կառավարությանը թվում է, որ իրավիճակին անհաղորդ և անտարբեր մնալով կամ թեման շրջանցելով՝ խուսափել իրադրային հետևանքներից՝ սխալվում են։
Տարածաշրջանում խորացող ճգնաաժամի պայմաններում Հարավային Կովկասում խախատվում է այդպես էլ չկայունացած ռազմաքաղաքական բալանսը, որում որպես կայունացնող և զսպող դերակատար ներգրավված Իրանն ամբողջ ճակատով ներգրավվել է Իսրայելի հետ պատերազմի մեջ։
Սա մեր տարածաշրջանում ավելացնում է Թուրքիայի և Ադրբեջանի կշիռը, ինչ-որ առումով ազատ արձակում նրանց ձեռքերը՝ հիմքում ունենալով այն հանգամանքը, որ աշխարհը կենտրոնացած է Մերձավոր Արևելքի ուղղութամբ և նրանց համար կարող է պատուհան բացվել իրենց ռազմավարական ծրագրերի իրագործման համար։
Ադրբեջանի և Թուրքիայի վարքագիծը տարբեր գործոններով է պայմանավորված և այս տեսանկյունից մեծ թվով հարցեր անորոշ են, որովհետև պարզ չէ, Հայաստան –Թուրքիա և Հայաստան- Ադրբեջան բանակցությունները ինչ սկզբունքով են ընթացել և վարագույրների հետևում ընթացող պրոցեսն ինչ անակնկալ է պատրաստում մեր ժողովրդի համար»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցված փաստաթղթի չհրապարակումը լրացուցիչ ազդակներ է փոխանցում հանրությանը, որ իր շահերին հակասող պայմանավորվածություն է ձեռք բերվել»։
–00—ՅՄ