Հիմա էլ Լեւոն Տեր-Պետրոսյանին կթիրախավորեն. հրաման են ստացել. «Ժողովուրդ»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականները ՍՄՍ են ստացել՝ թիրախավորելու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ մյուս բոլորին, ովքեր կհամարձակվեն սատարել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդին:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իշխանական կուլիսներում որոշված է ամեն կերպ «չեզոքացնել» Տեր-Պետրոսյանին ու նրա թիմակիցներին՝ լուծելով նաեւ 2026-ին ընդառաջ առաջին նախագահի թիմի մասնակցության չեզոքացման հարցը:
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը հայտնի էր տերպետրոսյանական իր հայացքներով, ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը՝ միաժամանակ հիշատակելով Վանո Սիրադեղյանին ու նրան մեղադրելով ընտրակեղծարարության համար։
«… նորանկախ Հայաստանի նաեւ կաթողիկոսական ընտրությունների կեղծման կնքահայրն է՝ Վանոների միջոցով»,- գրել էր Արայիկ Հարույթունյանը, ով հրապարակներում «Լեւո՜ն-Լեւո՜ն» էր գոռում։ Իշխանություններն այնքան են ահաբեկվել, որ մոռացել են անգամ, որ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գլխավորել է «ընտրակեղծարարության կնքահայր» Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովը, անձամբ մասնակցել նրա հուղարկավորությանը:
Բայց Արայիկ Հարությունյանը միակը չէ այդ թիմում. նույն կերպ երախտամոռության հարցում մրցավազքի մեջ են մտել նաեւ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը անհարիր բառապաշարով «հարձակվել» էր Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա՝ մոռանալով, որ ընտրակեղծիքներով ձեւավորված իշխանության մեջ իր հայրը աշխատել է ԱԺ փոխխոսնակ:
«Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր Կտրիճ Ներսիսյանի` կուսակրոնության ուխտը խախտած լինելու մասին ակնհայտ ճշմարտությունը բարձրաձայնելն ու դրանից բխող պատասխանատվություն ակնկալելը համեմատել է ցարական Ռուսաստանում Հայ Առաքելական Եկեղեցու գույքի բռնագանձման ու հայկական դպրոցների փակման հետ:
Այսինքն կաթողիկոսի` Աստծո առաջ տրված ուխտը պահպանել ակնկալելը նույնն է, ինչ եկեղեցու գույքը բռնագանձելն ու հայկական դպրոցներ փակելը: Ինչպիսի իմաստուն վերլուծություն:
Այս դարակազմիկ մտքերի վերջում էլ սուրբ ուխտը խախտածի պաշտպան Տեր-Պետրոսյանը Փաշինյանին անվանել է ազգադավ ու սրբապիղծ:
Այսպիսով` Լեւոն Տեր-Պետրոսյանի` Լեւոն Զուրաբյանի վերածվելու գործընթացը կարելի է համարել ավարտված: Շատ ափսոս»,- հայտարարել էր Ռուբինյանը, ով մեծացել է Զուրաբյանի աչքի առաջ՝ նրա գաղափարներով»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
–00—ԱՊ