Իրանը չի կործանվի, բայց «ոտքի վրա կմնա» միայն ատոմային ռումբ ունենալու դեպքում․ Վարդանյան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

«Առյուծի ուժն» ընդդեմ «Պատմական Առյուծի»։ Ինչո՞ւ պատմական, որովհետև դեռևս 2020-ի պատերազմի ժամանակ երևաց Իրանի՝ «աութսայդերի» վիճակում լինելը։ Երբ առանց իրեն հարցնելու, իր իսկ հյուսիսային հատվածում դրեցին ու վերաձևցին քարտեզը, ռազմաքաղաքական պատկերն ու բալանսը։ Այդ ընթացքում Իրանը զբաղված էր դժգոհ հայտարարություններին արձագանքելով, հետո էլ՝ Բաքվին շնորհավորելով։ Այս մասին սոցիալական հարթակում գրառում է կատարել պատմաբան, հրապարակախոս Ռուբեն Վարդանյանը։
«Դրանից հետո հերթը հասավ Իսլամական Հանրապետության ամենակարևոր դաշնակիցներին հարվածելուն. Իսմայիլ Հանիին (ՀԱՄԱՍ) Թեհրանի մեջտեղում շարքից հանելը, Հասան Նասրալային (Հըզբոլլահ) գետնի տակից գտնել-վերացնելը, մյուս հրամանատարների չեզոքացումը, ենթակառուցվածքների կործանումը, Լիբանանը հրի տալը, Դամասկոսում Իրանի դեսպանատան ռմբակոծումը, Սիրիայի «թուրքականացումը» և այլն։
Կարճ ժամանակում իրանցիները զրկվեցին երկրից դուրս իրենց հարվածային ուժերից, պրոքսիներից, տարածքներից, ռեսուրսներից, բացառությամբ՝ հութիների։ Այս ընթացքում տեղի ունեցան իրանցիների մուլյաժային հարվածներն ընդդեմ հրեաների, որոնց 95 տոկոսից ավելին տեղ չհասան։ Իրանի պատասխանը համարժեք չի եղել, ինչը խոսում էր իրենց սահմանափակ գործողությունների և հնարավորությունների մասին։
Եվ, ընդհանրապես, վերջին շրջանում Իրանը «իզոլացված» տեսք ունի, չունի ռազմական դաշնակիցներ և ապրում է ներքին ռեսուրսների հաշվին։
Իրանը կարող է կասեցնել այս ամենը, եթե ջախջախի իսրայելական ռազմական ներուժը (գրեթե անհնար է) և դիմագրավի ԱՄՆ-ին, որտեղ այդքան էլ հակված չեն մեծածավալ պատերազմի։
Իսկ, եթե կարճ. Իրանը կարող է ոտքի վրա մնալ միայն ատոմային ռումբ ունենալու դեպքում։
Այաթոլլաների ռեժիմը բարեփոխումների ռեսուրս չունի և Մասուդ Փեզեշքիանին՝ որպես ռեֆորմատոր, ավելի երկար ու հանգիստ ժամանակ է պետք մի բան փոխելու համար, ինչի հնարավորությունը Իսրայելը չի տա։
Հրեաները ապացուցում են, որ տարածաշրջանում կան իրենք և մնացածը և դրա լիարժեքության համար պետք է բացառել իրանական վտանգը, ինչն էլ անում են։
Արևմուտքին նույնպես պետք է պարսկական կենսատարածքն առանց կրոնավորների՝ աշխարհիկ հսկայական ներուժով։
Միգուցե իշխանափոխություն կլինի Իրանում տարածքային ամբողջականության պահպանման ֆոնին կամ դրանից առաջ ազգային ըմբոստության արդյունքում։ Համենայնդեպս, ղեկավարությունը այնտեղ ներքին կյանքի կառավարելիության խնդիր կունենա, եթե այսպես շարունակվի։
Իրանը՝ որպես երևույթ, չի կարող կործանվել՝ վկա իր մեծ ու հարատև պատմությունը։ Այն կարող է փոփոխվել։
Մեզ համար Պարսկաստանը, ռազմավարական փիլիսոփայությունից ելնելով, կարևորագույն դաշնակից է, ինչը ապացուցվել է Արցախյան Առաջին պատերազմի ժամանակ և առհասարակ 90-ականներին հայ-իրանական հարաբերություններին նայելով։ Բայց կա մեկ կարևոր տարբերություն. այն ժամանակ Հայաստանում կառավարում էր ուժեղ, խելացի, խիզախ ու վճռական իշխանությունը։ Մինչդեռ այսօր նույնիսկ իմաստ չունի վերլուծելու ամենակարևոր հարցը` արդյոք Ադրբեջանը ներգրավվա՞ծ է հակաիրանական գործողություններում ու ի՞նչ ձևով։ Ադրբեջանին պարտված վարչակազմը, գլոբալ բաները թողած, զբաղված է Ադրբեջանին հաղթած նախագահ Տեր֊Պետրոսյանի և Կաթողիկոսի դեմ ծղրտալով՝ այդպես էլ լուրջ քաղաքականության համար պիտանի չդառնալով։», – գրել է Վարդանյանը։
–00—ԱՊ