Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել․ մանրամասներ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Քիչ առաջ Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը հրաժարականի դիմում ներկայացրեց: 24News-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել, թե որն է հրաժարականի պատճառը։
Թաղապետարանի մեր աղբյուրը ասաց, որ Մկրտչյանի հարաբերությունները վերջին շրջանում լարված են ՔՊ-ականների և մասնավորապես ՔՊ Շենգավիթի տարածքային կառույցի խորհրդի անդամների հետ: Հարցը այնքան է խորացել, որ հասել է ընդհուպ Նիկոլ Փաշինյանին:
Մեր աղբյուրը փոխանցեց, որ կոնֆլիկտը խորը արմատներ ունի. «Դեռ անցած տարի Շենգավիթի տարածքային կառույցի ընտրություններն էին` Ռազմիկը ողջ ներուժով լծվել էր գործին, որ դառնար խորհրդի նախագահ, բայց խորհուրդը Մակարյան Տիգրանին վերընտրեց այդ պաշտոնում»,- պատմեց մեր աղբյուրը:
Մակարյանի վերընտրվելուց հետո Մկրտչյանը այն ծանր է տանում. «Ընտրություններից որոշ ժամանակ անց Մկրտչյանը վիրավորում է խորհրդի անդամ բոլոր պատգամավորներին, ասելով, որ «դուք թիմ չեք, և այլն, և այլն»»,- մանրամասնեց թաղապետարանի աշխատակիցը:
24News-ին հայտնի դարձավ նաև, որ Մկրտչյանի այս պահվածքից հետո Շենգավիթի ՔՊ տարածքային կառույցը դիմում է ՔՊ վարչությանը, որ հարցին լուծում տրվի: Արդեն ՔՊ վարչության նիստի ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ անձամբ կլուծի այդ հարցը և հարցը հանում են օրակարգից:
Կրքերը ավելի են թեժանում, երբ Արայիկ Հարությունյանի հարցին խառնվելուց հետո Մկրտչյանն ինքնակամ որոշում է նիստ գումարել՝ առանց խորհրդին տեղյակ պահելու: Այն տեղի է ունեցել սույն թվականի հունիսի 6-ին:
Մկրտչյանի պահվածքից հետո վերջինիս դեմ լարված է ԱԺ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, որն էլ ամեն գնով փորձում է հասնել Մկրտչյանի պաշտոնանկությանը:
24News-ին հասանելի է դարձել վերջինիս կողմից գրված նամակը, որն ուղարկվել է what’s up հավելվածի Շենգավիթ ՏԿ-ի խմբում, որտեղ խորհրդի ամբողջ կազմն է, ինչպես նաև մի շարք աշխատաականիցներ Շենգավիթի թաղապետարանից:
Ստորև ներկայացնում ենք նամակի ամբողջ բովանդակությունը՝ առանց փոփոխությունների.
«Սիրելի´ Շենգավիթ ՏԿ կուսակցական գործընկերներ, տեղեկացնում ենք, որ այսօրվա հանդիպումը, որտեղ նախատեսվում է քննարկել նաև 2026 թվականի ընտրությունների ռազմավարությունը, որևէ կերպ համաձայնեցված չէ խորհրդի ամդամների և խորհրդի հետ առհասարակ: Նման մոտեցումը անարգանք է խորհրդի անդամների և Շենգավիթ ՏԿ բոլոր անդամների նկատմամբ, չի կարող լինել լեգիտիմ: Որպես թիմ, որը մի վայրկյան չի շեղվել մեր քաղաքական գծից և արժեքներից, խորը մտահոգություն ենք հայտնում խորհրդից և թաղապետի պաշտոնից հեռանալու հայտ ներկայացրած թաղապետի կողմից նման սեպարատ նախաձեռնության վերաբերյալ: Սա դիտարկում ենք որպես խորհրդին անարգելու փորձ, ինչը քաղաքական առումով անհետևանք չի մնալու:
Տեղեկացնենք նաև, որ կա ապրիլի 22-ից ուղարկված դիմում խորհրդի բոլոր անդամների կողմից վարչությանը Ռազմիկ Մկրտչյանի անընդունելի վարքագծի վերաբերյալ:
Մեր պարտքն ենք համարում տեղեկացնել բոլորիդ, մինչև առաջիկայում կներկայացնենք ձեզ բոլոր մանրամասները, որոնք խորհրդի կազմում տեղի են ունեցել վերջին ամսում:
Հորդորում ենք չեղարկել այսօրվա քննարկումը, որին խորհրդի որևէ անդամ չի մասնակցելու:
Սիրով` Շենգավիթի ՏԿ խորհուրդ»:
Մենք փորձեցինք կապ հաստատել Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի հետ, վերջինս նշեց, որ հրապարակում է կատարել, խնդրեց մեկ րոպե, որպեսզի ստուգի արդյոք հրապարակվել է, թե ոչ, ապա ասաց, որ քիչ անց կզանգահարի՝ հիվանդանոցում է:
Թաղապետարանի մեր աղբյուրը նաև ասաց, որ Մկրտչյանն այնպիսի մթնոլորտ է ստեղծել թաղապետարանում, որ առանց իր գիտության ոչինչ չի կարող լինել. «Որևէ մեկն առանց իր գիտության կաշառք չէր վերցնի»:
Ըստ մեր տեղեկությունների, չի բացառվում, որ Մկրտչյանին կհեռացնեն ՔՊ-ից։
Մերի Մանուկյան
–00—ՅՄ