Հավատքը պաշտպանելը նշանակում է մերժել հեղափոխությունը, իսկ այն հիմնված է զանգվածների հավատքի վրա
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Բոլշևիկները ստեղծեցին իրենց սեփական կրոնը՝ պատարագով, նահատակներով և ապակե մասունքատուփի մեջ դրված անապակ «սուրբ մարմնով»։ Այս մասին գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Սա կարելի էր համարել ամենածիծաղելի կատակը, բայց մտածեք.
– Բուրգ-դամբարանը բոլորին ծանոթ հավերժության խորհրդանիշ է, միայն թե փարավոնի մարմնի փոխարեն հեղափոխության առաջնորդն է։
– Սարկոֆագը նման է սրբի տապանի, որտեղ պետք է հանգչի սրբի մարմինը։ Միակ տարբերությունն այն է, որ խաչի փոխարեն կարմիր աստղ է։
– Նոր առաքյալներն ու սրբերը, որոնց աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ, Լենինի գործի համար ամենահայտնի մարտիկներն են։
– Բոլշևիկներն ադապտացրել են նաև Սուրբ Երրորդությունը. Մարքսը «հայրն» է, Լենինը «որդին» է, իսկ «հոգին»՝ կոմունիզմի ուրվականը Կոմունիստական կուսակցության մանիֆեստից։
Զարմանալի չէ, որ հեղափոխություններն ու հեղափոխականները միշտ բարդ հարաբերություններ ունեն կրոնի և եկեղեցու հետ։ Ահա թե ինչու նրանք ստիպված են ստեղծել սիմուլյակրներ (պատճեններ)․ ինչպես Գերագույն Էակի պաշտամունքը Մեծ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, ինչպես Լենինի դամբարանը և բոլշևիկյան Երրորդությունը, ինչպես 2018 թվականի Նիկոլի դեմքով սրբապատկերները։
Հավանաբար ծիծաղելի է Նիկոլին հիշատակել այս ցուցակում, բայց ինձ համար այս ցուցակում կարևորը ոչ թե մարդկանց և իրադարձությունների կալիբրն է, այլ նրանց կողմից օգտագործվող տեխնոլոգիան:
Հավատքը պաշտպանելը նշանակում է մերժել հեղափոխությունը, որովհետև հեղափոխությունը հիմնված է զանգվածների հավատքի վրա։ Եվ այն չի հանդուրժի որևէ այլ հավատք»,- գրել է նա:
–00—ՅՄ