ՀՀՇ նախկին ու ներկա պաշտոնյանե՛ր, արդյո՞ք համաձայն եք Նիկոլի ու Ալենի գրառումների հետ

08/06/2025 15:56 Քաղաքական
Քաղաքագետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՀՀՇ նախկին անդամներ, դո՛ւք, որ ժամանակին պաշտոններ էիք զբաղեցնում Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, իսկ այսօր, պտտվելով Նիկոլի ուղեծրի շուրջ, յուրաքանչյուրդ տեղավորվել եք որևէ տաք ու եկամտաբեր անկյունում, դուք նո՞ւյնպես, ինչպես ձեր ղեկավարը՝ Նիկոլը, համարում եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրությունների կեղծման հիմնադիրն է։
Դուք նո՞ւյնպես, ինչպես Ալեն Սիմոնյանը, կարծում եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը բոլոր պարտությունների սիմվոլն է։
Մյուս մանրապճեղ ՔՊ-ականների ասածներին չեմ անդրադառնում՝ հարգելով ձեր իսկ կենսագրությունը, որի վրա դուք ինքներդ թքած ունեք, որովհետև չեմ ուզում այդ աստիճան ստորանաք։ Արձագանքեք միայն այս երկուսի գրառումներին, այդպե՞ս եք կարծում, թե՝ ոչ։
Մենակ չփորձեք «կռուտիտներ» լինել, ինքս եղել եմ ՀՀՇ վարչության անդամ, ՀՀՇ երիտասարդական միության նախագահն ու ՀՀՇ լրատվական ծառայության ղեկավարը, ի տարբերություն ձեզ, ես երբեք իմ կենսագրությունից չեմ հրաժարվել։ Ձեր բոլոր քայլերն ու արված արտահայտությունները, թե՛ աստվածացնող խոսքերը Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին, թե՛ հաճախ հնչող հայհոյանքները Նիկոլ Փաշինյանի հասցեին տեղի են ունեցել իմ ներկայությամբ։
Ժամանակին ես հաճախ էի ՀՀՇ-ում ասում, որ ոմանք անդավաճան մարդու անուն են հանել, որովհետև նրանք ոչ ոքի պետք չեն, որևէ առաջարկ չեն ստացել, հետևաբար գնալու այլ տեղ չունեին ու այլընտրանքի բացակայության պատճառով դարձել են «անդավաճաններ»։ Ապացուցեք, որ ես սխալվել եմ, դուք, այնուամենայնիվ, սկզբունքային եք»։
–00–ԱՀ