ՀՀ-ն թրքահպատակությունից ու ակնհայտ կործանումից զերծ պահելու այսօրվա լեգիտիմ բանաձևն է՝ 6+2+28+18

07/06/2025 13:04 Քաղաքական

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Հայաստանը թրքահպատակությունից ու ակնհայտ կործանումից զերծ պահելու այսօրվա լեգիտիմ բանաձևն է՝ 6+2+28+18…

Այս թվերից յուրաքանչյուրի բաղկացուցիչ միավորը գիտակից, պատասխանատու, հայրենասեր, խիզախ ու ազնիվ մարդն է, ով ճակատագրի բերումով և Աստծո նախախնամությամբ այսօր կրում է ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը:

Լիահույս եմ, որ մեր խորհրդարանական հույսերը կարդարացվեն և չեն հիասթափեցնի հարյուր հազարավոր  մեր հայրենակիցների՝ «օր առաջ իշխանափոխության» ակնկալիքները:

Ցավով եմ ասում, բայց ցանկացած գիտակից մարդ, ով իր անձնական ու խմբակային շահերը չի գերադասում համապետական շահերից՝ հասկանում է այս պարզ ու անվիճելի ճշմարտություն:

Ահա սա է Հայաստանի Հանրապետությունը ակնհայտ կործանումից հետ պահելու և 2026թ. ընտրությունների միջոցով ազգային համաձայնության ու համատեղ ջանքերի կառավարություն ձևավորելու ճանապարհը:

Սա է ձախողված, դավադիր և աղետաբեր կառավարիչներին՝ ժամանակավոր, բայց համազգային ներդաշնակություն, հանդուրժողականություն ու համերաշխություն երաշխավորող կառավարությամբ փոխարինելու բանաձև:

Սա է 2026թ. ընտրություններն իմաստավորելու և Հայաստանի Հանրապետության խաղաղ ապագան ստեղծելու ճանապարհը:

Այս ամենի համար պահանջվում է, որ նախ և առաջ ունենանք վարչապետի թեկնածու: Վստահ եմ՝ շուտով կունենանք պայքարի մեջ սկզբունքային ու պատասխանատու թեկնածու:

Խիստ ցանկալի կլինի, եթե ընդդիմադիր դաշտի մեր բոլոր գործընկերներն ու ընկերները, ժամանակավորապես մի կողմ դնեն միջկուսակցական մրցապայքարի առօրեական դրսևորումները և բոլորս միասին, գործենք ճգնաժամային իրավիճակից համատեղ դուրս գալու տրամաբանական ու բարոյական կանոններին համաձայն:

Խնդրանք ունեմ նաև մեր հարգելի լրատվամիջոցներին: Ազատ խոսքը և տեղեկատվության ազատությունն այս անգամ ծառայեցրեք բացառապես Հայաստանի Հանրապետության ու համազգային շահերին: Եթե միամտաբար կարծում եք, որ համազգային շահերից է բխում օր-օրի թուլացող ու թրքահպատակեցվող Հայաստան ունենալը՝ Աստված ձեզ դատավոր, պաշտպանեք գործող կառավարիչներին կամ տորպեդահարեք իմփիչմենտի գործընթացը:

Այլ  պարագայում՝ Աստված ձեզ օգնական»:

–00—ՅՄ