Հայաստանը ցուցադրաբար չի վճարում ՀԱՊԿ-ի իր անդամավճարը․ Զատուլին

05/06/2025 16:57 Քաղաքական

Հայաստանը ցուցադրաբար չի վճարում ՀԱՊԿ-ի իր անդամավճարը: Այս մասին «Газетой.Ru»-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Նա նշել է, որ Երևանը ցանկանում է վերակողմնորոշվել դեպի Արևմուտք, բայց միևնույն ժամանակ շարունակում է օգտագործել Ռուսաստանի հետ տնտեսական կապերը։

«Կարծում եմ, որ անդամավճարից հրաժարումը ամենակարևոր պատճառը չէ ՀԱՊԿ-ին Հայաստանի իրական մասնակցության քննարկման համար: Ակնհայտ է, որ նրանք ցուցադրաբար չեն վճարում իրենց վճարները, քանի որ կասեցրել են ՀԱՊԿ-ի շրջանակներում ցանկացած համագործակցություն, բայց միևնույն ժամանակ շարունակում են մնալ Եվրասիական միությունում և, ավելին, փորձում են ապացուցել իրենց բնակչությանը, որ այս ամենը հնարավոր է. հնարավոր է դուրս գալ ռազմական համագործակցությունից, Ռուսաստանի հետ քաղաքական համագործակցությունից, վերակողմնորոշվել դեպի Արևմուտք, բայց միևնույն ժամանակ վայելել տնտեսական կապերը և տնտեսական զարգացումը՝ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի ու Եվրասիական միության մյուս երկրների հետ այդ տնտեսական կապերի հիման վրա», – ասել է նա։

Զատուլինի խոսքով՝ Հայաստանի ճակատագիրն ու ուղղությունը կորոշվեն հաջորդ տարվա ընտրություններում, և նա հույս ունի, որ ժողովուրդը հարցեր կտա կառավարությանը, որը «ամեն ինչ դավաճանել է»։

«Իհարկե, խոսակցություններ են ընթանում այն ​​մասին, թե ուր է գնում Հայաստանը։ Սա հստակորեն խորը բնույթ ունի, և Հայաստանի ճակատագիրը և նրա արտաքին քաղաքականության կողմնորոշումը չեն որոշվի այլ կերպ, քան հաջորդ տարվա ընտրությունների արդյունքում։ Ես իսկապես հույս ունեմ, որ վերջապես Հայաստանում հարցեր կտան այն կառավարությանը, որը կորցրել է ամեն ինչ, հանձնել է ամեն ինչ, դավաճանել է ամեն ինչ և շարունակում է մնալ կառավարություն», – կարծում է նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ ՀՀ-ն չի վճարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) 2024 թվականի անդամակցության վճարը։

–00—ՅՄ