Արցախի պետական ինստիտուտների շուրջ բարդ իրավիճակ է ստեղծվել․ Աբրահամյան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արցախի պետական ինստիտուտների շուրջ բարդ իրավիճակ է ստեղծվել:
Իշխանությունը տարբեր խողովակներով և ազդեցության միջոցներով խոչընդոտում է Արցախի սահմանադրությամբ նախատեսված գործընթացների իրականացմանը` ապահովելով ադրբեջանական ևս մեկ նախապայմանի կատարումը` Արցախի պետական ինստիտուտների լուծարման ճանապարհով Արցախի հարցի փակումը:
Այս դեպքում, խոսքը նախագահական ինստիտուտի շարունակականության ապահովման շրջանակներում, ընտրության իրականացման մասին է:
Ճիշտ է` արցախցի որոշ գործիչների համառության հաշվին Արցախի խորհրդարանն իր գործունեությունը խիստ սահմանափակ գործառույթների պայմաններում իրականացնում է, սակայն շարունակում է մնալ իշխանության մշտական թիրախավորման դաշտում:
Այն ուժերը, գործիչները, ովքեր համարում են, որ Արցախի էջը փակված չէ և իրականում պայքարում են Արցախի հարցի միջազգայնացման և արցախցիների հավաքական վերադարձի համար, նախ պետք է հաղթահարեն իրենց վախերը, դուրս գան կոնֆորտ զոնայից և առաջնորդվեն երկարաժամկետ պայքարի ռազմավարությամբ:
Սա առաջին հերթին վերաբերվում է, պայմանականորեն, արցախյան քաղաքական դաշում գործած և ներկայումս Արցախի խորհրդարանի ներսում և դրսում գործող ուժերին, իսկ առանձին հարթությամբ էլ` ՀՀ այն քաղաքական ուժերին, ովքեր նվազագույնն Արցախի հարցում ՀՀ իշխանության դիրքորոշումը չեն կիսում»։
–00—ՅՄ