Փաշինյանի իշխանությունը կունենա այլընտրանք, երբ հաղթահարվի «ստոկհոլմյան համախտանիշ»-ի բարդույթը

04/06/2025 10:04 Քաղաքական

Արևելագետ Գոռ Գևորգյանը գրում է․ «Հաճախ, հասարակության մի հատվածի վարքագիծը հասկանալու համար, հղում են տալիս անչափ հետաքրքրական` «ստոկհոլմյան համախտանիշ» կոչվող հոգեբանական բարդույթին, որով սովորաբար բնորոշվում են քաղաքականապես տկար, իրենց առջև ծառացած սպառնալիքները չգիտակցող և մեղմ ասած, իրականությունից կտրված ժողողվուրդների լայն զանգվածները:

Քաղաքական առումով, «ստոկհոլմյան համախտանիշ»-ի առաջին ցուցիչն այն է, երբ որևէ մի ժողովուրդի զգալի հատվածը շարունակում է սատարել մի իշխանության, դիցուք Հայաստանի օրինակը, որը բացահայտորեն տապալել է իր իսկ կողմից ձևակերպված նախընտրական քաղաքական օրակարգը, փլուզել պետության անվտանգային համակարգը, կեղծ օրակարգերով պառակտել հասարակությունը, մարդկանց կանգնեցրել սեփական պատմական ինքնության շուրջ «ընտրության» առջև և ի վերջո անթույլատրելի արշավ սկսել հայկականության հիմնասյուներից` Հայ Առաքելական Եկեղեցու դեմ:

«Ստոկհոլմյան համախտանիշ»-ը յուրատեսակ հոգեբանական թակարդ է, որտեղ «զոհը (տվյալ դեպքում խաբված ժողովուրդի մի հատվածը) ոչ միայն շարունակում է համակրել այդ իշխանությանը, այլև երդվյալ հավատարմություն դրսևորում` ապավինելով «իսկ ո՞վ, եթե ոչ գործող ղեկավարը, կամ ոչինչ, գոնե կայունություն ունենք, ուրիշները իրենից լա՞վն են լինելու» և այլն համոզմանը:

Իրականում «ստոկհոլմյան համախտանիշ»-ը` քաղաքական տեխնոլոգիայի կիրառման հետևանք է, որի հիմնական նպատակն է իշխանության վերարտադրությունը:

Նշված «համախտանիշ»-ը ոչ այլ ինչ է, քան հոգեբանական խաբկանք, երբ իշխանությունների կողմից ժողովրդի մի մասին մանիպուլացնելը, ներկայացվում է որպես «հոգատարություն», իսկ քաղաքական ճնշումները՝ «հասարակական կարգի և անվտանգային միջավայրի ապահովմանը» միտված գործողություններ:

Վերոնշյալի խորապատկերում, մեր ժողովրդի մի հատվածը ցավալիորեն տառապում է «ստոկհոլմյան համախտանիշ»-ով, քանի որ օրվա իշխանությունները տապալել են Հայաստանի քաղաքական օրակարգի ամենաառանցքային խնդիրները, ավելին՝ քաղաքական սուտը և կեղծիքը դարձրել քաղաքացու կյանքի անբաժան ուղեկիցը :

Այստեղ զավեշտալին այն է, որ այդ ամենից հետո, ժողովուրդի զգալի հատվածը կամ լուռ է, կամ կուրորեն շարունակում է սատարել իշխանություններին: Ինչպե՞ս դուրս գալ «ստոկհոլմյան համախտանիշ»-ից:

Տվյալ բարդույթի հաղթահարումը սկսվում է ոչ թե իշխանություններին պիտակավորելուց և մեղադրանքներից, որից կուշտ ու զզված է այդ նույն ժողովուրդը, այլ հասարակության տարբեր շերտերի հետ ճշմարտախոսությունից, արժանապատիվ այլընտրանք առաջարկելուց, փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորումից և սեփական սխալներին առերեսվելուց: Ավաղ, այս փաստը մեր ինստիտուցիոնալ ընդդիմությունից ոչ բոլորն են գիտակցում, ավելին շարունակում են մեծացնել իրենց ու ժողովրդի մի ստվար հատվածի միջև առաջացած անջրպետը` նպաստելով գործող իշխանության վարկանիշին:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ վերը նշված հոգեբանական բարդույթը, ամենևին էլ ժողովուրդի թուլության ցուցիչ չէ, այն մի կողմից այլընտրանքի բացակայության, իսկ մյուս կողմից իշխանությունների կողմից համակարգված մենթալ ճնշման հետևանք է: «Ստոկհոլմյան համախտանիշ»-ի ամենավտանգավոր կողմն այն, երբ դա դառնում է ժողովրդի պատմական նկարագիրը, մշակույթի բաղկացուցիչը, պետության ընդհանրականը:

Աշխարհում չկա որև է իշխանություն, որը չունենա այլընտրանք, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էլ վստահաբար կունենա այլընտրանք, երբ երկրում կհաղթահարվի «ստոկհոլմյան համախտանիշ»-ի բարդույթը»։

–00—ՅՄ