ԱԺ փոխխոսնակը այցելել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդես
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն այցելել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդես, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։
Համաշխարհային ցուցահանդեսն անցկացվում է դեռ 1851 թվականից՝ ամեն հինգ տարին մեկ աշխարհի տարբեր քաղաքներում: Այն հնգամյակի ամենակարևոր իրադարձություններից է, որի ընթացքում ներկայացվում են տեխնոլոգիաների, առողջապահության, կայուն ու ինքնաբավ տնտեսության և քաղաքաշինության զարգացման ոլորտների նորագույն ձեռքբերումները:
Այս տարվա ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 160 երկիր:
Ըստ աղբյուրի՝ Հակոբ Արշակյանը շրջել է Հայաստանի «Այսօրվա և վաղվա սյուները» խորագիրը կրող տաղավարով: Այն ներկայացնում է Հայաստանի խոշորագույն նորարարական նախագծերը, պատմամշակութային ժառանգությունը, բարենպաստ ներդրումային պայմանները և, իհարկե, ապագային միտված կրթական նախաձեռնությունները` «Թումո»-ն, ՔՈԱՖ-ը, «Արմաթ»-ը:
Տաղավարում ներկայացված են նաև Կառավարության մեգանախագծերը, ներառյալ՝ «Խաղաղության խաչմերուկը», Գյումրու «Չոր նավահանգիստը», «Ակադեմիական քաղաքը», «Ինժեներական քաղաքը»:
Մանրամասն ցուցադրված է «Թումո»-ի միջազգային ցանցը, հատկապես «Թումո Գունմա» կենտրոնը, որը կբացվի Ճապոնիայի Տակասակի քաղաքում հունիսի 1-ին՝ որպես Հայաստանում ստեղծված կրթական ծրագրի արտահանման օրինակ:
Նշվում է, որ ցուցահանդեսի ընթացքում ներկայացվում են մարդկության նորագույն ձեռքբերումները տեխնոլոգիաների, առողջապահության, տնտեսության և այլ ոլորտներում: Այս ցուցահանդեսի ընթացքում առաջին անգամ ներկայացվել են հեռախոսը, հեռուստացույցը, CD-ն և այլ կարևոր հայտնագործություններ, ցուցահանդեսի համար են կառուցվել Փարիզի Էյֆելյան աշտարակը, Լոնդոնի Ապակե պալատը, Բրյուսելի Ատոմիումը և այլն:
–00—ՅՄ