Ակնկալում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականության ծանրակշիռ միջամտությունը. Մարության
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գրում է․ «Իշխանության ու «ավանդական» ընդդիմության միջեւ փոխհրաձգությունները հատել են բոլոր թույլատրելի սահմանները։
Մի կողմից, տիտղոսային ընդդիմության գործիչները սովորական են դարձրել հակառակորդ ճամբարի դեմ անեծքներն ու անձնական թիրախավորման դեպքերը։ Մյուս կողմից, ՔՊ-ական իշխանությունը՝ Ն․ Փաշինյանի գլխավորությամբ, իբր «ստիպված» պատասխանելով քննադատությանը, ահավոր անպարկեշտ ու հայհոյախառն արշավ է սկսել ընդդիմադիրների դեմ։
Վերջին օրերին երկրի վարչապետի ու նրա թիմակիցների բառապաշարը ոչ միայն մարդկային զզվանք է առաջացնում, ոչ միայն դեմ է տարրական բարոյականության ու հանրային համերաշխության պատկերացումներին, այլեւ կոպտորեն խախտում է Սահմանադրությամբ պետական պաշտոնյաներին վերապահված սահմանները։
ՈՉ ՈՔ, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ հատկապես իշխանությունը, իրավունք չունի մտնել մարդկանց անձնական դաշտ։
Ակնհայտ է, որ այս ամենն անում են միայն մեկ նպատակով՝ պատրաստվում են 2026-ի ընտրություններին՝ կարծելով, թե դրանով իրենց կողմը կգրավեն մարդկանց։
Վստահ եմ, որ նրանք սխալվում են։ Չկա այդպիսի քաղաքական նպատակ, որը իրավունք կտար հանրային դաշտը վերածել գարշահոտ ախոռի։
Այս փոխադարձ արշավը կործանարար է․ այն քայքայում է հասարակությունը, այն շեղում է մեզ կարեւոր հարցերի քննարկումից, այն կասեցնում է մեր զարգացումը, խոցելի է դարձնում մեզ ներսում ու առավելեւս դրսում, այն վտանգում է մեր երեխաների ապագան։
Մենք այսպիսին չե՛նք, մենք համաձայն չե՛նք ու պարտավոր չենք ամենօրյա ռեժիմով հետեւել ձեր ամոթալի գրառումներին, ազատեք մեզ դրանից։ Վստահ ենք, որ մեր քաղաքացիները կմերժեն այս կեղտոտ խաղը։
Ակնկալում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւորականության ծանրակշիռ միջամտությունը եւ իշխանության մեջ գտնվող պարկեշտ անձանց (եթե այդպիսիք դեռ մնացել են) ընդվզումը»։
–00—ՅՄ