Ինչպե՞ս լուսանցքից դուրս թողնել Փաշինյանին․ քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․
«Ինչպե՞ս լուսանցքից դուրս թողնել Փաշինյանին
«Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում», – Ֆեյսբուքում երեկ գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր նույնպես հետևողականորեն շարունակում է Եկեղեցու դեմ արշավը:
«Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։ Այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել», – պնդում է Փաշինյանը:
Հայաստանի Սահմանադրության 17-րդ և 18-րդ հոդվածները սահմանում են Եկեղեցու և պետության բաժանման սկզբունքը, միաժամանակ՝ Հայ Առաքելական Եկեղեցու հատուկ կարգավիճակի ճանաչումը՝ առանց նրան պետական կառույց դարձնելու։
Այսպիսով, Փաշինյանի պնդումները չունեն սահմանադրական, իրավական հիմք և խիստ վտանգավոր են՝ թե՜ քաղաքական և թե՝ իրավական առումներով:
Փաշինյանն ակնհայտորեն վերջնականացնում է «Իրական Հայաստանի» կեղծ թեզը, որին, սակայն, ընդդիմությունը պետք է հակադարձի ոչ թե «ուռահայրենասիրական» կարգախոսներով, այլ՝ այլընտրանքային բովանդակությամբ:
Գործ ունի անելու նաև Եկեղեցին. Փաշինյանի վայրահաչոցներին ու անզուսպ հավակնություններին դիմակայելուն զուգահեռ՝ պետք է մտածել ռեֆորմների, Եկեղեցու սոցիալական և քաղաքակրթական առաքելության արդյունավետ իրացման մասին:
Ասածս այն է, որ ոչ թե մեխանիկական քննադատությամբ պետք է «սնուցենք» Փաշինյանին և նրա հնարավոր արտաքին հովանավորներին, այլ առաջարկենք բովանդակություն, որը կարող է կոնսոլիդացնել հասարակությանը՝ լուսանցքից դուրս թողնելով Փաշինյանին»:
–00–ՍՊ