ՀՀ դեսպանը, Իրանի ազգային իշխանության ներկայացուցիչները ջանքեր կգործադրեն՝ ամրապնդելու կապերը

31/05/2025 18:17 Քաղաքական

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյանին, «Ալիք» հաստատության ներկայացուցիչ Գարո Հովհաննիսյանին, Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Հովհաննիսյանին և Թեհրանի հայոց թեմի պատգամավորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսյանին:

Զրուցակիցները քննարկել են դեսպանության և համայնքի ազգային իշխանության միջև փոխգործակցության վերաբերյալ հարցեր։
Համայնքի ազգային իշխանության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել իրանահայության հնարավորությունների և համայնքային իրավասությունների շրջանակում աջակցելու Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը՝ այդ թվում մշակութային և հասարակական ոլորտներում հնարավոր համագործակցությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը ցավով անդրադարձ են կատարել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի առիթով Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում կազմակերպված ոգեկոչման արարողության ընթացքում տեղի ունեցած անթույլատրելի միջադեպին և անընդունելի համարել այն: ՀՀ դեսպանը և համայնքի ազգային իշխանության ներկայացուցիչներն ընդգծել են առավելագույն ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը՝ բացառելու նմանօրինակ ցանկացած փորձ, որոնք կարող են բացասաբար ազդել ՀՀ դեսպանության ու համայնքի միջև հարաբերություններին:

–00–ՍՊ