Փոխարտգործնախարարը «Խաղաղության խաչմերուկը» ներկայացրել է Իռլանդիայի դեսպանին

30/05/2025 23:41 Քաղաքական

Մայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Բեննոնին (նստավայրը՝ Սոֆիա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Իռլանդիայի հետ  բազմաբնույթ հարաբերությունների զարգացմամբ։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն ընդգծել է, որ կներդնի առավելագույն ջանքերը երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու և երկկողմ օրակարգը հարստացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իռլանդիայի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ քաղաքական երկխոսության և խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը,  տնտեսական, հաղորդակցությունների, տուրիզմի, բարձր տեխնոլոգիաների  և այլ ոլորտներում փոխգործակցության առաջմղմանն ուղղված քայլերը:

ԱԳ նախարարի տեղակալը նաև անդրադարձել է տարածաշրջանում  խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերին ու առկա զարգացումներին ու  ներկայացրել՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունն՝ ուղղված հարաբերությունների ամրապնդմանը:

–00—ՍՊ