Բոլոր նրանք, ովքեր կփորձեն կոտրել Սարդարապատի ոգին, կոտրվելու են հենց իրենք. Սաղաթելյան

28/05/2025 17:02 Քաղաքական

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելույթը Սարդարապատի հուշահամալիրում Առաջին հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ․

«Մենք կարող ենք

Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընկերներ

Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի կողմից շնորհավորում եմ հայ ժողովրդին՝ Սարդարապատի ճակատամարտի վճռորոշ հաղթանակի կապակցությամբ:

Մայիսի 28-ը ոչ միայն անցյալի արժևորման, այլև այսօր հետևություններ անելու, պայքարի ճիշտ ռազմավարություն ընտրելու օր է:

Ի՞նչ տեղի ունեցավ 107 տարի առաջ.

Արևմտյան Հայաստանում ցեղասպանությունից հետո, ոգևորված աշխարհաքաղաքական նպաստավոր պայմաններով, թուրքական կանոնավոր զորախմբերը մի քանի ուղղություններով ներխուժեցին Արևելյան Հայաստան՝ փորձելով վերջնականապես բնաջնջել հայ ժողովրդին և իսպառ փակել Հայկական հարցը:

Բայց Թուրքիան հաշվի չէր առել կարևոր մի հանգամանք. ժամանակի հայկական էլիտան՝ քաղաքական վերնախավը, Արամ Մանուկյանները, հոգևոր հայերը գիտակցեցին, որ, եթե չկանգնեցնեն թուրքական կանոնավոր զորքերի ընթացքը,  հայ ժողովուրդը կարող է այլևս գոյություն չունենալ:

Եվ տեղի ունեցավ Մեծ շրջադարձը: Մի քանի ճակատներում՝ Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում, Շիրակում կասեցվեց թշնամու ընթացքը, հետ շպրտվեցին թուրքական զորախմբերը, թշնամին չհասավ իր նպատակին։ Արդյունքում Հայոց ազգային խորհուրդը իրեն հռչակեց  «Հայկական գավառների միակ և գերագույն իշխանություն»:

Տեղի ունեցավ դարերով սպասված հրաշքը․ վերականգնվեց հայոց պետականությունը, սկիզբ դրվեց Հայաստանի Առաջին Հանրապետությանը։

Հետևաբար, Մայիսի 28-ը պարզապես ինչ-որ մի ճակատամարտում հաղթանակի օր չէ։ Մայիսի 28-ը պատմությունը բեկելու, մեր մահվան դատավճիռը չեղարկելու, մեր ժողովրդի կամքի, միասնության, պայքարով սեփական ապագան որոշելու  խորհրդանիշն է։

Մայիս 28-ը ապացույց է, որ պարտությունը կարող է շրջվել հաղթանակի, եթե կա միասնություն, կա նպատակ, և կա ազգանվեր  առաջնորդություն։

Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր մենք կրկին ճակատագրական շրջադարձի առջև ենք։ 1918թ․ մայիսը սովորեցրեց մեզ, որ ճակատագիրը կերտում են նրանք, ովքեր չեն ենթարկվում վախին, թուլությանը, թշնամու հրահանգներին։ Սարդարապատի հերոսամարտը ծնվեց ոչ միայն հրամանատարների որոշումով, այլև ժողովրդական ընդվզումով՝ հանուն ազգի փրկության։

Այո՛, մենք այսօր պարտություն ենք կրել։ Այո՛,  ցավը և կորուստը շատ մեծ է։ Բայց այն ազգը, որն ունի Սարդարապատ և ապրում է այդ ոգով, չի՛ կարող հանձնվել, չի՛ հանձնվելու։

Ինչպես 107 տարի առաջ, հիմա էլ Դաշնակցության նպատակը իշխանությունը չէ, այս կամ այն ուժին հաղթելը չէ, մեր նպատակը հայ ժողովրդի հարատևումն է, մեր ազգի ապագան է, մեր ազգային  ինքնության պաշտպանությունն է։

Մենք ունենք առաքելություն՝ ոչ թե բաժանելու, այլ միավորելու։ Ոչ թե հույսը մարելու, այլ հավատը վերականգնելու և ուժեղ Հայաստան կառուցելու:

Հայաստան, որն ապրում է խաղաղության մեջ, բայց և պատրաստ է պաշտպանել իրեն։

Հայաստան, որն առաջնորդվում է ազգային շահերով և տեր է իր ազգի հավաքական իրավունքներին։

Հայաստան, որը վստահ է իր ուժերին, հպարտ իր պատմությամբ և վճռական իր ապագայի հարցում։

Հայաստան, որի հիմքը արդարությունն է, արժանապատիվ կյանքը, ազգային ինքնությունը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Դաշնակցությունը, որպես ազգային անկախության գաղափարի կրող և իրագործող քաղաքական ուժ, 1918 թվականին կազմակերպեց, համախմբեց ժողովրդին, պաշտպանեց հայրենիքը, ստեղծեց պետականություն։ Այս է մեր առաքելությունը նաև այսօր։

Այո՛, մենք ծանր մարտահրավերների առջև ենք։ Արցախը օկուպացված է, պետականության հիմքերը խարխլված են։ Բայց մենք չենք համակերպվել ու չենք համակերպվելու։

Մեր պատմությունը և, հատկապես, Մայիսի 28-ը, մեզ սովորեցնում է, որ հենց դժվարությունների պահին է բացահայտվում մեր ներքին իրական ուժը։ Որ մենք կարող ենք պարտվել, բայց պարտությունը վախճան չէ, այն հազարամյակների մեր պատմության ընդամենը մեկ էջն է, որը մենք կարող ենք ու պարտավոր ենք շրջել։

Ի վերջո՝ ազգերի ճակատագրերը որոշում են ոչ թե նրանց կրած պարտությունները, այլ դրանից հետո վերականգնվելու կամքը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր այստեղ՝ մեր հիշողությունների և հերոսական հաղթանակների տաճարում, մենք պետք է խոստանանք հաղթել ոչ միայն սահմանին կանգնած թշնամուն, ոչ միայն երկրի դարպասները ներսից թշնամու առաջ բացող դավաճաններին, այլև ամենակարևորը՝ ինքներս մեզ, մեր հուսալքությանը, մեր անվստահությանը, մեր պառակտվածությանը։ Մայր Հայրենիքը, առավել քան երբևէ, ունի այդ հավատքի, այդ ուժի  կարիքը։

Այս պայքարում մեզանից յուրաքանչյուրի մասնակցությունը գերկարևոր է։ Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը որոշվելու է առաջիկայում։

Ինչպես 107 տարի առաջ, այնպես էլ այսօր, մենք գիտակցում ենք պահի լրջությունը, պատրաստ ենք այս պայքարում ներդնել մեր ողջ ներուժը։ Այս պայքարում կա հաղթելու մեկ ճանապարհ՝ վերստին վերագտնել Սարդարապատի վճռականությունն ու համախմբումը՝ հանուն մեր պետականության, անկախության և ինքնության պաշտպանության։

Միայն այդ դեպքում մեզ կընդունեն աշխարհում, կհարգեն, հաշվի կնստեն:

Ի վերջո Սարդարապատը ապացուցեց, որ գոյության պայքարում վճռականությունը, համախմբվածությունն ու ազգային ինքնագիտակցությունը կարող են հաղթել ցանկացած գերազանցող թշնամու։

Սարդարապատը մեզնից պահանջում է ոչ միայն խոնարհում, այլև՝ պայքար։

Սարդարապատում չզոհվեցին հանուն հիշատակի, զոհվեցին հանուն ապագայի։ Եվ այսօր, այդ ապագան կրկին մերը դարձնելու համար մենք պարտավոր ենք վերականգնել Սարդարապատի ոգին՝ մեր խոսքով, գործով ու պայքարով։

Այո՛, մենք կանգնած ենք քաղաքական Սարդարապատի շեմին, ուրեմն Սարդարապատը միայն հիշողություն չէ, այլև՝ քաղաքական ուղեցույց։ Այսինքն, ժամանակն է, որ Սարդարապատի ոգին դառնա քաղաքական շարժում, ռազմավարություն, հաղթանակի հիմք ներկայում ու ապագայում։

Սիրելի հայրենակիցներ, սիրելի ներկաներ, հիմա մենք այստեղ ենք, հիմա մենք նայում ենք Արարատին, և ես ձեզ ասում եմ՝

Մենք կարո՛ղ ենք:

Մենք ժառանգներն ենք նրանց, ովքեր, կանգնելով անհաղթահարելի թվացող փորձությունների առաջ, եղան հաղթողներ։ Մենք կրում ենք Սարդարապատ կերտողների, Արցախն ազատագրողների ժառանգությունը։ Մենք նրանց սերունդներն ենք։

Փառք ու խոնարհում մայիսյան հաղթանակներ, պետականություն կերտող հերոսներին։

Շնորհավո՛ր Մայիսի 28:

Այո, մենք կարող ենք և անելու ենք»։

–00—ՅՄ