Միրզոյանը և Հունգարիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության առաջնահերթությունները

27/05/2025 15:37 Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։ Հանդիպումը կայացել է նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում վերջին շրջանում համատեղ ջանքերով ձեռք բերված արդյունքները և հույս հայտնել, որ երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը լրացուցիչ խթան կհանդիսանա համագործակցության զարգացման ուղղությամբ։

Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել տարբեր նախաձեռնությունների, այդ թվում՝ ոլորտային ուղղություններով ստորագրվելիք փաստաթղթերին, ինչպես նաև աջակցության շրջանակներում ԼՂ-ից տեղահանված երեխաների ու նրանց ուղեկցող անձանց Հունգարիայում հյուրընկալելու ծրագրին։

Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն քննարկել են նաև ՀՀ-ԵՄ համագործակցության առաջնահերթությունները և գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ ներդրվող ջանքերը։

–00–ԱՀ