Տղե՛րք, դուք հաստա՞տ հետընտրական համագործակցության ջատագով եք
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Շվեյցարական ժամացույցի ճշգրտությամբ այսօր կրկին կանդրադառնամ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի մի շարք գնահատականներին, իսկ նրանց, ովքեր կդժգոհեն իմ հերթական երկար տեքստից, կհիշեցնեմ, որ, ի տարբերություն շատ-շատերի, զրկված եմ եթերային «դոնաթսներ թխելու» հնարավորությունից, ուստի նորից ստիպված եմ անդրադառնալ «լավաշով» (կարևորը՝ միշտ տաք-տաք և թարմ):
Եվ, քանի որ Երկրորդ նախագահի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ նախագահ Քոչարյանը Մաքիավելիի երկրապագու է, հոդվածս կհարստացնեմ հայտնի իտալացու թեմատիկ մտքերով։
«Люди, веря, что новый правитель окажется лучше, охотно восстают против старого, но вскоре они на опыте убеждаются, что обманулись, ибо новый правитель всегда оказывается хуже старого», կամ՝ 2018-ի մասին
Թեպետ վերջին ժամանակներում հրապարակվել են տասնյակ ապացույցներ, որ Երկրորդ նախագահի թիմի բազմաթիվ անդամներ 2018-ին ակտիվ մասնակցել են «մերժիր Սերժին» օպերացիային և Նիկոլին վարչապետ դարձնելուն, բայց նրանք շարունակում են նախանձելի համառությամբ և կասկածելի գործելաոճով ճխտել Նիկոլին մեր գրպանը։
–00–ԱՀ