Իշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը և նոր բիզնեսներ է գնում. «Ժողովուրդ»

24/05/2025 08:53 Քաղաքական

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանության հովանավորյալ գործարարներից Նարեկ Նալբանդյանը կրկին հայտնվել է կասկածելի գործարքների կիզակետում։ 2024-ի սկզբին նա գնել էր «Օազիս» սուպերմարկետների ցանցը շուրջ 300 մլն դրամով, սակայն պայմանագրով հաստատված վերջին 60 մլն դրամը պարզապես հրաժարվել է վճարել՝ անգամ դատարանի մասնակցությամբ փաստացի ընդունելով պարտքը։

Նույն «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունը, որ ամենաթանկ գույքերն ու ձեռնարկությունները արտոնյալ պայմաններով գնում է, դատարանում անգամ չի առարկել, որ պարտք է «Օազիս»ին, սակայն միաժամանակ փախուստ է տալիս փաստացի, ըստ «Հետքի»՝ չի վճարում:

Նալբանդյանը, հիշեցնենք, վերջին տարիներին պետական ռեսուրսների «բարեգործական» սեփականաշնորհումների ճանապարհով ձեռք է բերել ոչ միայն Ծաղկաձորի «Գոլդեն փելիսը» եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ դրված առանձնատունը, այլ նաեւ «Ծիրան» եւ «88» սուպերմարկետների ցանցերը:

Իշխանափոխությունից հետո նրա բիզնես վերելքը զուգադիպում է ՔՊ վերնախավի տնտեսական փափուկ հովանավորության հետ, իսկ նրա հանդեպ անհասկանալի հանդուրժողականությունը՝ նույնիսկ չկատարված պայմանագրային պարտավորությունների պարագայում, վկայում է, որ իշխանության գծով մտերմությունը Հայաստանում շարունակում է գերազանցել իրավական պետության պահանջներին։

Պետությունն անպաշտպան է ՔՊ-ին մոտ կանգնած գործարարների համար, որը այլեւս ոչ թե օրենքի խախտում է, այլ քաղաքականացված անարդարություն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

–00—ԱՊ