2018-ի նիկոլական հեղափոխությունը արտաքին բաղադրիչ ուներ, որի մասին շատ փակագծեր բացված չեն
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Անկեղծ լինենք. 2018-ի նիկոլական հեղափոխությունը նաև մեծապես աշխարհաքաղաքան կամ այսպես կոչված՝ արտաքին բաղադրիչ ուներ, որի մասին շատ փակագծեր ցայսօր բացված չեն: Եվ, այդ արտաքին բաղադրիչը պայմանավորված էր մեկ բառով՝ ՂԱՐԱԲԱՂ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։
«Եթե 2018-ի հեղափոխության ներքին գործընացները հնարավոր էր կառավարել, ապա արտաքին բաղադրիչն ուղղակի անհնար էր: Սերժ Սարգսյանն այն մարդը չէր, որին հնարավոր կլիներ մղել դեպի դավաճանական ելքով պատերազմ, կապիտուլյացիա և Արցախի հանձնում: Ուստի Սերժ Սարգսյանը պետք է չլիներ իշխանություն, պետք է լիներ Նիկոլը՝ իր նման անկիրթների, անսկզբունք ու անիքնասեր չտեսների բրիգադով: Բնականաբար այս ամենը հեղափոխական զանգվածների ծափերի ներքո:
Եթե կարճ՝ 2018-ի հեղափոխությունը Ղարաբաղը հանձնելու մասին էր: Եվ, եթե Նիկոլին հեռացնելու ցանկություն կա, ապա պետք է ազնվորեն ու առանց դիվանագիտական սեթևեթանքների հստակ մանիֆեստացիա անել՝ գնում ենք հակահեղափոխության, այսինքն՝ Նիկոլի ռեժիմն ուղարկում ենք պատմության աղբամանն ու գնում ենք Ղարաբաղի հետևից: Ով կասի, թե «ժողովուրդը վախեցած է», «ռեսուրս չունենք», «դաշնակից չունենք», չհավատաք. նման բաններ տարածողները կամ նիկոլական են (բաց ու լատենտ) կամ էլ լոկ միայն իշխանության ու կապիտալի համար կռիվ տվողներ են: Ամեն ինչ էլ կա, ռուսի ասած՝ «дело мастера боится»:
Մի հետաքրքիր պատմություն կա. ժամանակակիցների վկայությամբ՝ 1936-ին Հայաստանի ղեկավար Աղասի Խանջյանն իր շքախմբով այցելել է Երևանի Պետական Համալսարան: Դասախոսներով և ուսանողներով լեփ-լեցուն դահլիճի բեմ է դուրս գալիս տարազներ հագած երգի համույթ ու սկսում է Վան-Վասպուրականի ազգային-ազատագրական երգեր երգել: Ներկաներին թվում է, թե Խանջյանի հրամանով ուր որա է՝ ԵՊՀ ղեկավարությունում «գլուխներ են թռչելու», մինչդեռ քար լռության պայմաններում Խանջյանը վեր է կենում տեղից և ասում՝ նորից երգեք: Երբ համույթը երկրորդ անգամ ավարտում է երգը, Խանջյանը կրկին ասում է՝ նորից երգեք: Ազգագրական համույթի երրորդ ելույթից հետո Խանջյանը վեր է կենում և առանց որևէ բան ասելու՝ իր շքախմբով հեռանում է ԵՊՀ-ից:
1936-ին Աղասի Խանջյանը գիտեր, որ օրեր անց գնալու է Թբիլիսի ու այլևս չի վերադառնալու: Աղասի Խանջյանը գնացել էր ԵՊՀ իր ժողովրդի մտավոր սերուցքին ազդակ հղելու՝ չմոռնաք, թե դուք ով եք, չմոռանաք, թե ինչի համար եք «իրար գլուխ հավաքվել»:
Եվ, ուրեմն. ՂԱՐԱԲԱՂԻ էջը փակելը սովորական նիկոլականություն է, ով իշխանության է ձգտում առանց ՂԱՐԱԲԱՂԻ՝ սովորական քաղաքական դիակապտ է, ով իշխանափոխության է ձգտում առանց ՂԱՐԱԲԱՂԻ հարցը օդում կախելու՝ սովորական քաղաքական պարազիտ է: Ով իշխանություն է ուզում առանց ՂԱՐԱԲԱՂԻ՝ ցանկանում է, որ մենք մոռանանք, թե ով ենք ու ինչի համար ենք այս մի թիզ հողի վրա «իրար գլուխ հավաքվել»»։
–00—ՅՄ