Վահագն Խաչատուրյանն ու Վանգ Կունը քննարկել են հայ-չինական համագործակցությանն առնչվող հարցեր

23/05/2025 13:12 Քաղաքական

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին նախագահը շնորհակալություն է հայտնել վերջին հինգ տարիների ընթացքում սեյսմիկ հետազոտությունների ոլորտում հայ-չինական արդյունավետ համագործակցության և ներդրումների համար:

Դոկտոր Կունը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության և ջերմ ընդունելության համար և նշել, որ առաջին անգամ լինելով Հայաստանում շատ տպավորված է մեր երկրից, ինչպես նաև հայ գործընկերների և Գիտությունների ակադեմիայի գործունեությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սեյսմիկ անվտանգության և հարակից ոլորտներում հայ-չինական համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր:

Կարևորվել են երկրաշարժերի կանխատեսելիության ուղղությամբ գիտատեխնոլոգիական զարգացումները և ընդհանրապես երկրի ընդերքի հետազոտությունները՝ ոչ միայն սեյսմոլոգիայի, այլև տնտեսության, հանքարդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից դրանց կիրառական նշանակությամբ:

Զրույցի ընթացքում շեշտվել է տվյալների փոխանակման, համատեղ գիտական ծրագրերի իրականացման և մասնագետների վերապատրաստման ուղղությամբ գործակցության կարևորությունն ինչը կնպաստի երկրաշարժերի մարտահրավերներին առավել արդյունավետ դիմակայությանը:

–00–ԱՀ