ՀՀ-ն իրական խաղաղություն ստանալու փոխարեն հայտնվել է «խաղաղության Մուրճի և պարտության Սալի» միջև
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

ԱԺ նախկին պատգամավոր, արևելագետ Գոռ Գևորգյանը գրում է․
«Հայաստանը՝ «խաղաղության Մուրճի և պարտության Սալի» միջև…
Գրքային ճշմարտություն է՝ պարտված պատերազմը ողբերգություն է, իսկ պարտված խաղաղությունը՝ աղետ։ Սակայն ամենասարսափելին` պետության ինքնության պարտությունն է։
Այսպես, 44-օրյա պատերազմից հետո, Հայաստանը ոչ միայն չի կարողանում հաղթահարել հետպատերազմյան թմբիրը, այլև հայտնվել է արդեն տևական ժամանակ շահարկվող «խաղաղության» պարտության շեմին՝ էլ ավելի խորացնելով երկրի շուրջ ծագած անվտանգային լրջագույն խնդիրները։
Եթե ծանր պատերազմից հետո պաշտոնական Երևանը պարտվի նաև խաղաղության հարցում, ապա այդ պարտությունն իր տրամաբանական հետևանքներով կարող է հանգեցնել Հայաստանի՝ որպես պետության, ինքնության կորստին։
Անկախ այն հանգամանքից, թե ո՞վ և որքա՞ն է համակրում օրվա իշխանությունների քաղաքական օրակարգին կամ Նիկոլ Փաշինյանի կողմից լայն շրջանառության մեջ դրված արտաքին քաղաքական, և ոչ միայն, նարատիվներին, ակնհայտ է, որ դրանք որևէ կերպ չեն արտացոլում մեր իրական՝ հետպատերազմյան խնդրահարույց իրականության հաղթահարման ռազմավարական բովանդակությունը, թե´ արտաքին և թե´ ներքին օրակարգում:
Միևնույն ժամանակ, դիվանագիտական որոշակի ձախողումների հետևանքով, Հայաստանը իրական խաղաղություն ստանալու փոխարեն` հայտնվել է «խաղաղության Մուրճի և պարտության Սալի» միջև։
Դիվանագիտական ձախողումների ցուցիչ է նաև այն հանգամանքը, որ միջազգային տարբեր դերկատարներ փաստացի «ըմբռնումով են մոտենում» ադրբեջանական «խաղաղության Մուրճի» ռազմավարությանը, անգամ եթե հասկանում են, որ դա, որպես «խաղաղություն», ոչ միայն խաբկանք է, այլև Հայաստանի նկատմամբ հստակ ճնշման և սպառնալիքի գործիք:
Այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները չեն կարողանում պատշաճ արձագանքել այս գործընթացին առնվազն արտաքին լրջագույն թերացում է:
Ադրբեջանական «խաղաղության Մուրճի» ռազմավարությունը էլ ավելի խոցելի է դարձնում բարոյահոգեբանական բարդ իրավիճակում հայտնված հայկական հասարակությանը, ով իրական խաղաղություն է ուզում, իսկ Բաքուն պարբերաբար սպառնալով` նոր պահանջներ պարտադրում:
Ադրբեջանի այսպես կոչված «խաղաղության» օրակարգը շարունակում է մնալ մերօրյա մեծ խաբկանք, քանի որ այն կառուցված է Բաքվում պահվող հայ պատանդառուների նկատմամբ իրականացվող դատական ֆարսի, ՀՀ ինքնիշխան տարածքում մինչ օրս գտնվող ադրբեջանական ուժերի և Ալիևի կողմից պարբերաբար հնչող սպառնալիքների վրա։
Հայաստանը չի կարող ունենալ բնականոն զարգացում և անվտանգային երաշխավորված միջավայր գտնվելով «խաղաղության Մուրճի և պարտության Սալի» միջև։
Ադրբեջանի հետ «հարաբերություններում», Հայաստանին դեռ երեկ դիվանագիտական նոր ռազմավարություն էր հարկավոր` հավասարակշռված շեշտադրումներով, առանց պատրանքի և հախուռնության գործիքակազմով:
Հ.Գ. Պատմությունը, սովորաբար երկրորդ հնարավորություն չի տալիս այն պետություններին, որոնք պարտվում են թե՛ պատերազմում, և թե՛ խաղաղության հարցում։ Հայաստանը կկորցնի իր ինքնությունը, եթե պարտվի իր ապագան»։
–00—ՅՄ