Քայլեր ենք ձեռնարկում ԵՄ անդամ պետությունների հետ ռազմավարական գործընկերությունն ընդլայնելու համար

20/05/2025 Քաղաքական

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին:

«Մենք համարձակ քայլեր ենք ձեռնարկել մեր գործընկերությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։

Այս համատեքստում, Հայաստանն ակտիվորեն ամրապնդում է իր ռազմավարական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Հունվարին մենք ստորագրեցինք ԱՄՆ հետ համապարփակ Ռազմավարական գործընկերության կանոնակարգը, ինչը նշանավորեց պատմական հանգրվան մեր համագործակցության մեջ։ Մենք նպատակ ունենք զարգացնելու այս հարաբերությունները նաև ԱՄՆ նոր վարչակազմի օրոք, ինչի մասին են վկայում բարձր մակարդակի պաշտոնյաների շարունակական կառուցողական շփումները։

Նշանակալից է, որ մենք նաև ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ԵՄ անդամ պետությունների հետ ռազմավարական գործընկերությունն ընդլայնելու  ուղղությամբ։ Հպարտությամբ կարող եմ նշել Նիդերլանդների հետ ունեցած արդյունքները՝ երկու երկրների միջև Ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրումը։

Մենք ձևավորել ենք Ռազմավարական երկխոսություն Միացյալ Թագավորության հետ, ինչը հանդիսանում է մեր երկու ժողովրդավարությունների միջև ամուր համագործակցության և բարեկամության նշան:

Ինչպես վկայում են վերջին շրջանում տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելությունները, մենք հսկայական ներուժ ենք տեսնում Հայաստան-Նորդիկ-բալթյան (NB8) երկրների համագործակցության խորացման ուղղությամբ՝ որպես կայացած ժողովրդավարությունների և տարածաշրջանային համագործակցության լավագույն օրինակ։

Մինչ մենք արդեն կառուցել ենք ամուր գործընկերություն մեր երկկողմ համագործակցության հիմնաքարային փաստաթուղթի՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) ինստիտուցիոնալ ճարտարապետության միջոցով, այժմ մենք ավարտին ենք հասցնում Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգը՝ հեռանկարային մի փաստաթուղթ, որը, ռազմավարական առաջնահերթությունների և իրականացվելիք ծրագրերի միջոցով, նոր մակարդակի կբարձրացնի մեր համագործակցությունը։ Այն հիմնված է վերջին տարիներին մեր ձևավորած ամուր գործընկերության վրա՝ ընդգրկելով տարբեր ոլորտներ՝ արդարադատության բարեփոխումներից մինչև տնտեսական զարգացում, կապուղիներ և էներգետիկա:

2024 թվականին մենք հասանք ևս մեկ կարևոր հանգրվանի. Հայաստանը դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու չհանդիսացող միակ երկիրը, որն աջակցություն ստացավ «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակներում։ Մինչ մենք շարունակում ենք քննարկումներն այս ծրագրի շրջանակում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունն ավելացնելու ուղիների շուրջ, մենք ապավինում ենք ԵՄ առաջնորդության և աջակցության վրա՝ դրա ներուժը լիարժեք իրացնելու համար։

Անցյալ տարի մենք հասանք Վիզայի ազատականացման երկխոսության (VLD) մեկնարկին, իսկ այժմ արդեն աշխատում ենք Վիզայի ազատականացման գործողությունների ծրագրի շուրջ, որը կսահմանի հստակ չափորոշիչներ: Երբ դրանք բավարարվեն, մեր քաղաքացիները կկարողանան օգտվել առանց վիզայի ճանապարհորդելու հնարավորությունից. սա վաղուց սպասված մի զարգացում է, որը կխթանի շարժունակությունը և փոխըմբռնումը։ Այստեղ ես ուզում եմ շատ անկեղծ լինել. սա, անկասկած, այն ոլորտներից մեկն է, որի միջոցով մեր քաղաքացիները կարող են մոտենալ ԵՄ-ին, զգալ եվրոպական ընտանիքի մաս լինելու առավելությունները, և հակառակը։

Անցյալ շաբաթ Տիրանայում կայացած բարձր մակարդակի հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հրավիրեցին վարչապետ Փաշինյանին այցելել Բրյուսել՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք ավելի հարստացնել օրակարգը։ Անհրաժեշտ են  ստեղծարար լուծումներ՝ դուրս գալով ավանդական մոտեցումների շրջանակներից։ Դրանք, օրինակ, կարող են ներառել Ինքնավար առևտրային միջոցների կիրառման հնարավորություն, Հայաստանին օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների դեմ պայքարի գործիքներով օժտելը, ինչպես նաև ուժեղացնել մեր ընդհանուր դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքների դեմ և այլ գործնական քայլեր։

Սա լիովին համահունչ է Հայաստանի վարչապետի 2023 թվականի հոկտեմբերին Եվրոպական խորհրդարանում հնչեցրած հայտարարության հետ. «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի»: Այս մոտեցումն ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի քաղաքացիների ձգտումներին, որոնք արտացոլվել են Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդամենը երկու ամիս առաջ ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքում։ Սա պարզապես քաղաքականության ընտրություն չէ, այլ ազգային ձգտում, Հայաստանի քաղաքացիների՝ եվրոպական ապագայի նկատմամբ վստահության վկայություն և մեր կառավարության համար ուղղորդող սկզբունք։

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցության մյուս հենասյուներին՝ մենք գիտակցում ենք անվտանգության հետ կապված հարցերում ներգրավվածության կարևորությունն, ինչը մի քանի տարի առաջ անհավանական կհամարվեր։ Ներկայումս Եվրոպական միությունը ներգրավված է Հայաստանի անվտանգային օրակարգում՝ ԵՄ մշտադիտարկման առաքելության տեղակայումից ի վեր, և մենք ողջունում ենք առաքելության մանդատի երկարաձգումը։ Չնայած անցյալ տարի Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում արձանագրված շոշափելի արդյունքներին, հրադադարի խախտումները, ցավոք, դեռ շարունակվում են, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է առաքելության կենսական դերը՝ կեղծ մեղադրանքների հերքման, տեղում կանխատեսելիության և կայունության պահպանման գործում։ Հետևաբար, հրադադարի խախտումներին հասցեական և սկզբունքային արձագանքը չափազանց կարևոր է ներկա փխրուն իրավիճակում։

Մինչ ԵՄ-ի կողմից Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով աջակցելու որոշումն անցյալ տարի նշանակալի նվաճում էր, մենք արդեն խնդրել ենք շարունակել հիմնադրամի միջոցով աջակցությունը 2025 թվականին։ Ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ այս օգնությունը ոչ միայն ԵՄ-ի քաղաքական կամքի հստակ դրսևորումն է՝ ընդլայնելու և խորացնելու մեր գործընկերությունը, այլև ամրապնդում է Հայաստանի դիմակայունությունը դժվարին ժամանակներում։ Շարունակելով աշխատանքն բոլոր անդամ պետությունների հետ՝ մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները կապահովեն այս աջակցությունն՝ այն դարձնելով կանխատեսելի և զերծ չկապակցված նկատառումներից։

Շարունակելով անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացման թեման՝ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ Հայաստանը մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումներիկախվածությունը մեկ աղբյուրից: Զուգահեռաբար, մեր կառավարությունը կարողացել է ավելի ինքնուրույն իրականացնել սահմանային վերահսկողություն, ինչպես նաև դիտարկելէներգետիկ անկախությունն ապահովող այլընտրանքային ուղիներ՝ ներառյալ ատոմային և վերականգնվող էներգիայի ոլորտներում։

Ելնելով երկրի համար ավելի անվտանգ և կանխատեսելի միջավայր ապահովելու նպատակից՝ Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել միջազգային իրավական մեխանիզմներում ավելի սերտ ներգրավվածության օգտին։ Ինչպես տեղյակ եք, Հայաստանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը»։

–00—ՅՄ