Ժողովրդավարությունը ՀՀ-ի համար դարձել է ինքնիշխանության ամրապնդման հիմնասյուներից մեկը․ Միրզոյան

20/05/2025 Քաղաքական

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին:

«Չորս տարի առաջ, հիբրիդային պատերազմի պայմաններում, Հայաստանին հաջողվեց անցկացնել լիովին ազատ և ժողովրդավարական ընտրություններ։ Ասելով սա՝ ես անգամ վստահ չեմ, որ այն ժամանակ բոլորս ամբողջապես պատկերացնում էինք, թե հիբրիդային պատերազմը տեղում իրականում ինչ ձև կարող է ստանալ և որքան լայնածավալ կարող է լինել ոչ կանոնավոր միջամտությունը ժողովրդավարական գործընթացներին։ Այժմ, երբ հետևում ենք Եվրոպայում ընտրական գործընթացներին, նկատում ենք, որ հիբրիդային պատերազմների երևույթն առավել տեսանելի է դարձել։

Համապատասխանաբար, Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանելու համար մենք ապավինել ենք հենց ժողովրդավարությանը և դրա կողմից ապահովվող մեխանիզմներին, առաջին հերթին՝ ազատ ընտրություններին և իրավունքի գերակայությանը։ Այդ պահից ի վեր մենք չենք շեղվել այս ճանապարհից։ Նույնիսկ գոյաբանական մարտահրավերների պայմաններում Հայաստանը հետևողականորեն պահպանել է իր ժողովրդավարական ուղին։ Այս ուղին արտացոլվել է Կառավարության քաղաքականության մեջ՝ հիմք հանդիսանալով լայնածավալ բարեփոխումների իրականացման համար՝ ուղղված դատական համակարգի անկախության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների ավելի ամուր պաշտպանությանը։ Եվ մենք արդեն ունենք կոնկրետ արդյունքներ։ Պարզապես նշեմ ամենավերջին օրինակներից մեկը. «Լրագրողներ առանց սահմանների» վարկանիշում Հայաստանը գրանցել է էական առաջընթաց՝ ցուցանիշը բարելավելով 9 հորիզոնականով, և այժմ գտնվում է 34-րդ հորիզոնականում՝ նույնիսկ մի շարք ԵՄ անդամ պետություններից առաջ։

Բացի այդ, որոշ իմաստով ժողովրդավարությունը մեզ համար դարձել է ոչ միայն պետության կառավարման ձև, այլ նաև երկրի անկախության և ինքնիշխանության ամրապնդման հիմնասյուներից մեկը»։