Գալիք ընտրություններին Ալիևն օգնելու է Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ թուղթ ստորագրելով․ ադրբեջանագետ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Եթե մի պահ կողք դնենք զգացմունքային ֆոնը և փորձենք բովանդակային հասկանալ, թե ինչու էր Փաշինյանը համառորեն սուրճի հրավիրում Ալիևին, ապա կարծում եմ պարզ կդառնա, որ Փաշինյանին իսկապես պետք էր զրույց ունենալ Ալիևի հետ, ով համառորեն չի ցանկանում շարունակել քննարկումները «խաղաղության պայմանագրի» թեմայի շուրջ։ Փաշինյանն էլ փորձում է հասնել որևէ թղթի ստորագրման, որը կներկայացնի որպես «խաղաղության» ձեռքբերման ցուցիչ։ Վստահ եմ՝ ի պատասխան նա խոստանում է Ալիևի երազանքների կատարում, եթե վերջինս իրեն օգնի մնալ իշխանության։
Ալիևը ճիշտ հակառակը՝ գործընթացի շարունակության է ձգտում, քանի որ հենց այսպես կոչված բանակցային փուլում է հասել միակողմանի զիջումների հայկական կողմից, ուստի ինքը չունի որևէ շահ հայկական կողմի հետ թուղթ ունենալու։ Իսկ արդյոք Ալիևին պետք չէ՞ Փաշինյանի մնալը իշխանության։ Այս հարցը շատ տրամաբանական է, պատասխանն էլ միանշանակ է՝ իհարկե, նա կուզի, որ հենց Փաշինյանը մնա իշխանության, բայց քանի որ ինքը երկարաժամկետ ծրագրեր է գծում հայկական պետականության թուլացման ու քանդման համար, ապա Փաշինյանն ուղղակի գործիք է իր ձեռքին։
Գալիք ընտրություններին նա, իհարկե, օգնելու է Փաշինյանին, բայց ըստ իս՝ ոչ թղթով, այլ տեղեկատվական գրոհներով ու քարոզչական պատերազմով։ Ես չեմ զարմանա, որ Ադրբեջանից անգամ հնչեն տեքստեր, որ եթե Փաշինյանը չմնա իշխանության կամ այլ ուժեր գան, կլինի պատերազմ՝ դրանով իսկ շանտաժի ենթարկելով հայ հանրությանը։ Ալիևը լավ հասկացել է՝ հայ ժողովուրդը սարսափում է պատերազմից։ Այդ վախով էլ շանտաժի է ենթարկում հայ հանրությանը՝ Փաշինյանի օգնությամբ նաև։
Ինչ վերաբերվում է Սահմանադրության թեմային կամ ցանկացած այլ քայլի, որի կատարում է պահանջում Ալիևը, ապա ցանկացած նոր զիջում նվազեցնում է թղթի ստորագրման հավանականությունը և մեծացնում Ադրբեջանի ագրեսիվ քայլերի հնարավորությունները։ Սա ժամանակի մեջ ստուգված օրինաչափություն է՝ կառուցված չոր փաստերի վրա։ Դրանց մասին ես տևական ժամանակ գրել ու խոսել եմ։
Այս փուլում, Ադրբեջանը չունի ագրեսիայի գնալու շուրջ միջազգային կոնսեսուս, բայց ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ։ Ադրբեջանը կգերադասի շարունակել «անկանոն ու ոչ թիրախային» կրակոցներով ահաբեկել սահմանային բնակավայրերի մեր հայրենակիցներին, շարունակել պահանջել Հայաստանի հրաժարում իր պետական ատրիբուտներից և հիմնարար փաստաթղթերից, կխուսափի որևէ թղթի ստորագրումից ու կպլանավորի տեղեկատվական աջակցություն Փաշինյանի համար առաջիկա ընտրություններում։ Այնպես որ «կոֆե, կենտրոն» առաջարկները որևէ օգուտ չեն բերելու․ Ալիևին այս փուլում որևէ թղթի ստորագրում պետք չի։ Փաշինյանի վարած քաղաքականության շնորհիվ, այժմ նրա ախորժակը շատ ավելի մեծ է, իսկ թուղթը դա չի կարող բավարարել․․․»:
–00—ՍՊ