Վերջին տարիներին ԵՄ-ն ավելի քան 36 մլն եվրո է տրամադրել Հայաստանին․ Մարագոս
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

ՀՀ–ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Երևանում մայիսի 15-ին մասնակցել է Կայուն զարգացման միջազգային համաժողովին, որը կազմակերպել էր Եվրոպական բիզնես ասոցիացիան։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ուղուն՝ դեպի Կլիմայի փոփոխության վերաբերյալ 30-րդ համաժողովը (COP30), որը կանցկացվի 2025 թվականի նոյեմբերին Բրազիլիայի Բելեն քաղաքում, ինչպես նաև Հայաստանի դերին՝ որպես Կենսաբազմազանության մասին Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հյուրընկալող երկրի։ Համաժողովը կայանալու է 2026 թվականին Երևանում։
Իր ելույթում դեսպան Մարագոսն ընդգծել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի «կանաչ անցմանը» և կենսաբազմազանության պահպանմանը:
«Կենսաբազմազանությունը միայն բնության մասին չէ. այն վերաբերում է նաև դիմակայունությանը, առողջությանը և ապագա բարեկեցությանը։ Վերջին տարիներին Եվրոպական միությունը տրամադրել է ավելի քան 36 միլիոն եվրո՝ Հայաստանում շրջակա միջավայրի և ջրային ոլորտներին աջակցելու համար։ Մեր համագործակցությամբ մենք կառուցում ենք ավելի կանաչ և կայուն ապագա»,– ասել է դեսպանը։