Ֆաշիզմը շարունակվել է նաև Արցախում. «Պատիվ ունեմ»-ն առաջարկում է ԱԺ-ին դատապարտող բանաձև ընդունել

15/05/2025 Քաղաքական

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանը և Տիգրան Աբրահամյանը ներկայացրեցին Հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով հայտարարության նախագիծը․

«Ուղիղ 80 տարի առաջ քաղաքակիրթ մարդկությունը հավաքական ջանքերով և մեծ զոհողությունների գնով կարողացավ հաղթանակ տանել նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների նկատմամբ։

Երկրորդ համաշխարհային պատերազմը ոչ միայն իր ծավալներով էր աննախադեպ, այլ նաև իր բնույթով, այն քաղաքակրթական պայքար էր ընդդեմ այլատյացության։

Ֆաշիզմի դեմ հաղթանակում առանցքային էր Խորհրդային Միության դերը: Պատերազմում  բեկումնային էին  Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերը, իսկ Եվրոպայի ազատագրումը ֆաշիզմից  անհնար էր առանց խորհրդային զինվորի սխրանքի:

Հայ ժողովուրդն աշխարհի տարբեր անկյուններում հսկայական ներդրում է ունեցել չարիքի առանցք հանդիսացող նացիզմի դեմ տարված հաղթանակում։

Հայության ներդրումը հատկապես շոշափելի էր Հայրենական Մեծ պատերազմի տարիներին։ Լինելով Սովետական Միության կազմի մեջ մտնող համեմատաբար փոքրաթիվ բնակչություն ունեցող հանրապետություններից՝ Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մասնակցությունը հաղթանակի կերտման գործում ուղղակի հսկայական էր։ Հայրենիքի պաշտպանության ընդհանուր գործում զգալի էր նաև արցախահայերի ավանդը, ընդ որում՝ այդ ավանդը ոչ միայն ռազմական գործողություններին ուղղակի մասնակցության մեջ դրսևորվեց, այլ նաև հաղթանակին նպաստող այլ բնագավառներում։

Անուրանալի է հայկական ազգային դիվիզիաների հերոսական մարտական ուղին, հայ զորահրամանատարների ու բարձր հրամանատարական կազմի ներկայացուցիչների բացառիկ կազմակերպչական տաղանդն ու զինվորների սխրանքը։

Ֆաշիզմի դեմ հաղթանակում բացառիկ էր նաև Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սփյուռքի դերակատարումը։

Հայությունն իր կարևոր մասնաբաժինն ունի մեծ հաղթանակի կերտման փառահեղ գործում, ու այդ ամենն արվել է նաև հայ ժողովրդի որդիների արյամբ և տառապանքի գնով։

Ի դեպ, նույն խորհրդանշական օրը, Մեծ հաղթանակի ժառանգները, 1992-ի մայիսի 9-ին ազատագրեցին հայոց բերդաքաղաք Շուշին՝ հաղթանակ ապահովելով նեոֆաշիստական ռեժիմի դեմ։

80 տարի առաջ նացիստական Գերմանիան պարտվեց, բայց դժբախտաբար ֆաշիզմի, այլատյացության ու անհանդուրժողականության դրսևորումներն այսօր էլ ոչ միայն գոյություն ունեն, այլ նաև ակտիվորեն կիրառվում և պարբերաբար կյանքի են կոչվում աշխարհի տարբեր անկյուններում։

2023 թ. սեպտեմբերին Ադրբեջանը կազմակերպեց Արցախի բնիկ հայերի էթնիկ զտումներ, որը հանգեցրեց այնտեղ հազարամյակներով ապրող ողջ հայ բնակչության բռնի տեղահանման։

Սա ի՞նչ է, եթե ոչ ֆաշիզմի դասական դրսևորում։ Եվ եթե ժամանակին գերմանական ֆաշիզմն ու դրա պարագլուխները դատապարտվեցին, ապա նեոֆաշիզմի գաղափարախոսները հանդես են գալիս կեղծ թեզերով՝ չարժանանալով քաղաքակիրթ մարդկության պատշաճ դատապարտմանն ու պարսավանքին։

Մենք համոզված ենք, որ քաղաքակիրթ մարդկությունն իր վճռական «ոչ»-ը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի և նացիզմի ցանկացած դրսևորմանը»։

–00—ՅՄ