ԱՄՆ-ի հետ քննարկվում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնություններ․ ԱԳՆ

14/05/2025 Քաղաքական

ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական և օգնական Սթիվ Ուիթքոֆի այսօրվա հայտարարությանը, փոխանցում է Լուրերը։ 

«Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Ուիթքոֆը, որն օգնում է խոշոր խաղաղ բանակցություններ վարել ամբողջ աշխարհում, անցյալ շաբաթ Սպիտակ տանը Breitbart News-ին բացառիկ հարցազրույց է տվել, որում անդրադարձել է Աբրահամյան համաձայնագրերին: Ըստ նրա՝ սպասվում է, որ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում Աբրահամյան համաձայնագրերի կընդլայնվեն, դրա համար կա «մեծ էներգիա»։

Լրագրողը հիշեցրել է, որ Աբրահամյան համաձայնագրերը համարվում են Թրամփի առաջին պաշտոնավարման դիվանագիտական ​​նվաճումը: Նրան հաջողվել է տասնամյակների ընթացքում առաջին անգամ պաշտոնապես կարգավորել մի շարք արաբական երկրների հարաբերություններն Իսրայելի հետ։ Այժմ, երբ Թրամփը վերադարձել է ԱՄՆ նախագահի պաշտոնին, ըստ Ուիթքոֆի, վերադարձել է նաև «մեծ էներգիան», և նրա համոզմամբ՝ շուտով ավելի շատ երկրներ կարող են միանալ համաձայնագրերին։

Ուիթքոֆը կանխատեսել է այնպիսի երկրների միացումը, ինչպիսիք են Լիբանանը, Սիրիան, Լիբիան: Նա չի բացառել նաև Հայաստանի ու Ադրբեջանի ներգրավումը: Նրա կարծիքով՝ «իրենք շատ-շատ մոտ են այդ երկրներում հակամարտությունների կարգավորմանը՝ վերջնական կարգավորմանը»։

«Կարծում եմ, որ երկու երկիրն էլ պատրաստ է միանալու Աբրահամյան խաղաղ համաձայնագրերին»,- ասել էր նա։

–00—ՍՊ