Իշխանությունը ուզում է համոզել, որ զորակոչի սպառնալից վիճակի հիմքում պարզապես ֆինանսներն են
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանությունը զորակոչի տարբեր փուլերում արձանագրվող խնդիրների լուծումը տեսնում է ո´չ թե կոռուպցիոն դրսևորումների նվազեցման, առկա «սողանցքների» փակման, զինվորական ծառայությունից խուսափելու պատճառների վերացման համատեքստում, այլ առկա բոլոր ռիսկերի, այսպես ասած, օրինականացման ձևով:
Այն իշխանությունը, որը հայրենիքի պաշտպանության առաքելությունը նախ հավասարացնում է սովորական մասնագիտական զբաղվածությանը, ծառայությունը վերածում զուտ աշխատանքի, իսկ հետո հերոս հռչակում ոչ թե կյանքը հայրենիքի համար զոհաբերման պատրաստ ծառայողին, այլ պարզապես հարկ վճարողին, զարմանում է, թե ինչու՞ են մարդիկ խուսափում ծառայությունից, ինչու՞ են մարդիկ երկմտում ընտրելու զինվորականի մասնագիտությունը կամ ինչու՞ են կադրային սպաներն ու պայմանագրայինները զորացրվում:
Զինված ուժերի ֆունդամենտին, արժեքային համակարգին, գաղափարական հենքին հարված հասցնող իշխանությունը ուզում է համոզել, որ բանակի մարտունակության, համալրվածության, զորակոչի սպառնալից վիճակի հիմքում պարզապես ֆինանսներն են, որոնք նոր սոցիալական բևեռացման և ներհասարակական պառակտման գնով կարելի է փոխել»:
–00—ՅՄ