«Հայ-հնդկական հանրային դիվանագիտության ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվացնել»․ քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«Հնդկաստանը Հայաստանի համար դարձել է ռազմավարական գործընկեր և դաշնակից։
Պակիստանը Հայաստանի համար թշնամական պետություն է, որը այս ամբողջ ընթացքում աջակցել է Ադրբեջանին, մատակարարել ինչպես մահացու զենք, այնպես էլ ահաբեկչական խմբեր և զինվորական հրահանգիչներ, Հայաստանի և Արցախի դեմ պատերազմելու։
Այս երկու իրողությունները հուշում են, որ Հայաստանում պետք է նաև ակտիվանար Հնդկաստանի ուղղությամբ մասնագետների պատրաստման աշխատանքները, Հայաստանը պետք է մշակեր իր «փափուկ ուժի» քաղաքականությունը, ձևավորեր հայ-հնդկական քաղաքական, տնտեսական, գիտական ֆորումներ, մեծացներ հանրային դիվանագիտության աշխատանքները և այլն։
Բայց, ցավոք սրտի, Հայաստանի կողմից կա ընդամենը 0 աշխատանք։
Բախտներս բերել է, որ գոնե Իրանի հետ հարաբերությունների մասով ժառանգություն ենք ստացել իրանագիտության լավ դպրոց, որն իր ուսերին է վերցրել հանրային դիվանագիտության ամբողջ բեռը։ Իսկ ահա հայ-հնդկական հարաբերությունների ուղղությամբ աշխատում են եզակի մարդիկ կամ խմբեր։
Ասածս ապացուցում է այն հանգամանքը, որ Հնդկա-պակիստանյան հակամարտության վերջին ակտիվ փուլը չափազանց քիչ մեկնաբանվեց հայկական տեղեկատվական դաշտում և տպավորություն էր, որ խոսքը Հայաստանի հետ աղերս չունեցող հեռավոր աննշան երկրների մասին է, և ո‘չ թե ռազմավարական նշանակություն ունեցող դաշնակցի։
Հույս ունեմ, հետևություններ կարվեն…»
–00–ՍՊ