Ազատության հրապարակում տեղի է ունեցել Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառում

10/05/2025 Քաղաքական

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել և ​բացման խոսքով հանդես են եկել Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն՝ առավել մերձենալու ԵՄ-ի հետ և կարևորել ԵՄ և անդամ-երկրների հստակ վճռականությունը՝ շարունակելու խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ԵՄ հանդիսանում է Հայաստանի հիմնական գործընկերը ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման, օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, ոլորտային համագործակցության խորացման, տնտեսության արդիականացման և երկրի դիմակայունության բարձրացման համար:

Տոնական միջոցառումն անցկացվել է «ԵՄ-Հայաստան. մշակութային կամուրջ» խորագրի ներքո՝ ԵՄ անդամ երկրների և Հայաստանի երաժշտական և պարային համույթների մասնակցությամբ։ Ազատության հրապարակում ներկայացվել են ԵՄ անդամ երկրների և Հայաստանի տարբեր բնակավայրերում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի տեղեկատվական տաղավարներ:

–00–ԱՀ