Լուկաշենկոն Մեծ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորել է ՀՀ նախագահին

09/05/2025 Քաղաքական

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձներ է հղել օտարերկրյա առաջնորդներին, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Դիմելով ԱՊՀ երկրների ղեկավարներին՝ Լուկաշենկոն ընդգծել է, որ այս նշանակալի օրը նրանք փառաբանում են բազմազգ խորհրդային ժողովրդի մեծ սխրանքը, որը զինվորների աննախադեպ հերոսության և հայրենի ճակատի աշխատողների անհավանական ջանքերի գնով պաշտպանեց ապագա սերունդների կյանքի և ազատության իրավունքը:

Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ ընդհանուր պատմության և Մեծ հաղթանակի հիշողությունը, բարեկամությունն ու փոխադարձ աջակցությունը կշարունակեն ծառայել որպես երկրների միջև արդյունավետ համագործակցության զարգացման հուսալի հիմք։

Նշենք, որ մայիսի 9-ին լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Այս առիթով մի շարք երկրներում կանցկացվեն տոնական միջոցառումներ։ Հաղթանակի շքերթը տեղի կունենա Մոսկվայի Կարմիր հրապարակում, որին կմասնակցեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

–00–ԱՀ